5 ամսվա ժամկետային զինծառայող, ստեփանակերտցի Դավիթը պատերազմի օրերին բոլորին հիացրած իր տեսանյութը վերջերս է տեսել, ասում է` արտասովոր ոչինչ չի արել, բոլորի նման իր ծառայությունն է կատարել:
«Դեմից մի քիչ չէինք իմանում` ինչ է կատարվում: Մի օր անց արդեն հարմարվեցինք էտ ձայներին, արդեն մեզ համար սովորական էր դառել: Դիրքերում էի, առավոտը ժամը 6:30 սկսվեց, իմ պոստի ժամն էր, կանգնած էի, սկսվեց արդեն պատերազմը: Ասում էի` դե երևի էսա կպրծնի, կպրծնի, չէ, ավելի ու ավելի է թեժանում:
Շատ էին գալիս, շատ, դեմից անօդաչուներից սկսվեց, տեսանք անօդաչուները օդում մի 5 հատ, հետո սկսեցին արդեն կրակոցները, հրետանին սկսեց աշխատել: Ես մենակ զանգում էի, ուրախ խոսում, որ տնեցիք էլ չանհանգստանան, ասում էի` սաղ լավ ա, տենց առանձնահատուկ բան չէի խոսում, մենակ ասում էի` սաղ լավ ա, ու ամեն ինչ լավ է լինելու, - պատմում է նա` շարունակելով, - կրակոցները առավոտից սկսում էին մինչև իրիկուն, գիշերը հանգստանում էին, մեկ էլ առավոտ լուսաբացին սկսում: Երկու հոգի էլ վիրավորվեցին, մի զոհ տվեցինք, մի ընկեր եմ կորցրել` Ալբերտ Հովհաննիսյանը: Նույն զորամասում` նույն տեղն ենք ծառայել, նույն տեղն էինք մեր մարտական հերթապահությունը կատարում: Հրետանին կրակեց, ինքն էլ մեր հրետանու մոտ էր կանգնած, իր կողքն ընկավ, իր կողքից մի քիչ հեռու էին: Չենք խոսացել, չէինք հասցնում, ժամանակ չկար տենց: Շատ ուժեղ ու խիզախ տղա էր, մինչև վերջ էլ լավ կռիվ տվեց:
Մի 2 օր տուն չեմ զանգել, զանգեցի տուն, ասացին` բա խի՞ չես զանգում, համացանցով ենք տեսնում քեզ, վիդեոյով, տենց իմացա, որ համացանցում, սաղ տեղերը ես եմ»:
Հայրը` Էրիկ Բարսեղյանն ասում է` իր որդին փակ մարդ է, ոչ մի բան չի պատմում ծառայությունից. «Հեռուստացույցով ենք տեսել, որ ինքը ողջ-առողջ է, բայց ինքը չի զանգել վապշե մեզ: Անհանգիստ էինք, բայց մի ձև խաբար էր ուղարկում, որ սաղ նորմալ է»:
Դավիթի ընտանիքն ապրում է և շարունակելու է ապրել Ստեփանակերտում. «Սպասում էինք, որ սաղ լավ կավարտվի, ոնց որ Դավիթն ասել ա` գնալու ենք առաջ, դուխով: Էն էլ 11-ին իմացանք, որ դադարեցվել է կռիվը: Ազդվեցինք, որ Ղարաբաղի կեսից ավելին չկա: Չէ, մեզ համար հասկանալի չի` ոնց սենց եղավ»:
Պատերազմի պատճառով հետաձգվել է Դավիթի քրոջ հարսանիքը: Զույգը բնակարան էր ձեռք բերել Շուշիում, հարսանիքից հետո այնտեղ պետք է ապրեին, արդեն կահավորման աշխատանքներ էին սկսել: Ամբողջը մնաց ադրբեջանցիներին:
«Սեպտեմբերի 27-ին կռիվը սկսվեց, հոկտեմբերի 20-ին պիտի հարսանիքը լիներ: Էտ տունը սաղ ամեն ինչով կահավորված մնաց իրենց, էտ տունը առած, սարքած, կահավորված մնաց իրենց: Չենք էլ պատկերացրել, որ Շուշին կարող է մնալ իրենց», - ասում է Դավիթի հայրը:
«Շուշին հավանել ենք էլի որպես սիրուն, տուրիստական քաղաք, դրա համար էլ Շուշին էինք ընտրել: Մոտավորապես մի տարի, տարիուկես առաջ ենք գնել տունը այն նպատակներով, որ պիտի ամուսնանանք, մեր կյանքն էնտեղ դասավորենք, ապրենք, դե էն էլ ոնց ստացվել ա, ոնց տեսնում ենք` չի ստացվել էլի հետ գնալ: Թուրքերի ձեռքը մնաց...Օրուգիշեր չարչարվել էինք: Հույսը լավ բան ա, բայց դե չգիտենք, թե ինչ կլինի», - ասում է Հարութ Գաբրիելյանը:
Դավիթի ընտանիքում հույսը չեն կորցնում, որ եթե ոչ քրոջ, ապա նրա երեխաների հարսանիքը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում են անելու ու ապրելու են իրենց ձեռքերով կառուցած տանը. «Հույսով եմ` օր կգա, որ սաղ էլի միասին մի բռունցք կդառնանք ու սաղ հողերը հետ կվերցնենք»: