Մատչելիության հղումներ

Արցախի վերջին բերքը Ասկերանից, այգին մնաց Ադրբեջանին


Ասկերանի իր այգիներից վերջին բերքը՝ նուռ, արքայանարինջ, մի քիչ էլ ընկույզ, խաղող ու պղպեղ է հասցրել հավաքել արցախցի Արթուր Գրիգորյանը, լցրել մեքենան, հաշմանդամ մորն ու եղբայրներին էլ մի կերպ տեղավորել մեքենայում ու եկել Երևան։

Սեպտեմբերը Ասկերանում բերքահավաքի ամենաակտիվ ժամանակն էր։ Պատերազմը սկսվեց, չհասցրին, հիմա էլ ուշ է։ Այգիների մեծ մասը մնացել է Ադրբեջանին։

«Շատերը ոչ մի բան չեն վերցրել, թողել են գնացել, երեկ չէ մյուս օրը հարևանս գնացել ա, որ Ջինի գյուղից իրենց բերքը հավաքի, թուրքը մեջը նստած ա եղել, թողել ա դուրս եկել», - պատմեց Արթուր Գրիգորյանը:

Հարևաններից մեկը ֆերման, մյուսը՝ փեթակներն է կորցրել. հողը, տունը, անասունը, մեղուները, բերք ու բարիքն էլ մնացին նոր սահմանից այն կողմ։ Սիրտ չունի բերքը գովելու, թեև իր եկամուտի միակ աղբյուրն է։ Ասում է՝ կտրի կեր, տեսքը կարող է դուրդ չգալ։ Ուշք ու միտքը վիրավոր որդին է, որ հիմա հիվանդանոցում է։ Պատերազմի ավարտից երկու օր առաջ բեկորային վիրավորում էր ստացել Շուշիի մերձակայքում։

«90-ական թվականներին կռիվ եմ արել, այսպիսի կռիվ չեմ տեսել, էսի ոչ թե կռիվ ա, էսի ցեղասպանություն ա: Տղաս վիրավորվել է, էլի ես ասում եմ՝ ես բախտավոր եմ: Մեր 18-20 տարեկան երեխաներին, որ հիշում եմ, էդքան կորուստները, շատ եմ հուզվում», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

«Բերքը թող մնա, արի գնանք բարի մարդկանց հետ ծանոթացնեմ», - զրույցի կեսից ասում է Արթուր Գրիգորյանը։ Մի քանի կմ հեռավորության վրա խուլուհամրերի դպրոցն է. կացարան են տրամադրել ընտանիքին, ժամանակավորապես տեղավորվել են։ 4 մահճակալ, երկու հաշմանդամի սայլակ ու էլի արկղերով արքայանարինջ ու նուռ. սենյակի ամբողջ «կահ-կարասին» է։ Մահճակալներից մեկին՝ ոտքը կորցրած մայրն է, մյուսին՝ ուղեղի կաթված տարած եղբայրը։ Չնկատեցին էլ, որ Արթուրը գործից շուտ է եկել:

«Էսքան ցավ ու դարդ տեսնողը ո՞նց կլինի, ես չեմ կարա տանեմ դրությունը վատանա, հետո վերցնեմ նորից գամ, նորից գնամ, տեղաշարժման մոմենտը դժվար ա», - ասաց Գրիգորյանը:

«Հիմա պիտի հետ գնանք», - զրույցն էլի ընդհատում է Արթուրը,- «Ղարաբաղի նուռն ու արքայանարինջը փողոցում մնացին»։

Հետոյի մասին Արթուր Գրիգորյանը դեռ չի մտածում. թող դեռ որդին ապաքինվի, թող դեռ խաղաղություն լինի, թող դեռ ժամանակը բուժի....

«Ես չեմ կարա Արայիկ Հարությունյանի տեղը, Նիկոլի կամ էլ Պուտինի տեղը խոսամ: Իրենք են որոշողը», - նշեց նա:

XS
SM
MD
LG