17 ընդդիմադիր ուժերը ներկայացնում են քաղաքական դաշտի մի մասը, բայց ոչ ամբողջ հայ ժողովրդին, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այլ ուժեր նույնպես վարչապետի թեկնածուներ կամ ծրագրային առաջարկություններ կունենան:
«Եվ հետո այս ամբողջը պետք է ի մի բերվի, այնպես չէ, որ 17-ը եթե որոշել է այսինչ մարդն է լինելու և վերջ, այդպես չէ: Ես վստահ եմ, որ սա օգնելու է ապագա այդ երկխոսությանը ամբողջ դաշտի, ոչ միայն 17-ի», - ասաց Սեֆիլյանը:
2018-ի ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած «Սասնա ծռեր» համահայկական շարժումը նույնպես պահանջում է վարչապետի Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացումը, որին ըստ այս քաղաքական ուժի, պետք է փոխարինի անցումային, ժամանակավոր կառավարությունը: Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը առաջադրած ընդդիմադիր 17 ուժերը նույնաբովանդակ ճանապարհային քարտեզ են ներկայացրել։ Սեֆիլյանն այսօր չհստակեցրեց՝ իրենք հավանություն կտան Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, թե՝ ոչ։
«Շատ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը հենց ինքը՝ Փաշինյանը նախաձեռներ, որ հնարավորինս անցնցում այս ճգնաժամից մենք որպես ժողովուրդ դուրս գայինք: Նորից եմ շեշտում՝ շատ ճիշտ կլիներ, որ հենց ինքը նախաձեռներ այդ ամեն ինչը», - ընդգծեց «Սասնա ծռեր»-ի ղեկավարը:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելով պետք է նշի, որ այն զինադադարի և հումանիտար հրադադարի շրջանակից դուրս չի գալիս. «Այսինքն բացի այդ տրամաբանությունից, մեր համար ոչ մի նշանակություն չունեն այդ թղթի մնացած կետերը: Առաջին հերթին մենք կարևորում ենք այս դիրքորոշումը»:
Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անցումային կառավարության տեսակետը 1994-ին հաստատված զինադադարի սահմանները վերականգնելը պետք է լինի։ «Անշուշտ, երկրորդ կարևորագույն խնդիրը մեր երկրի ներսում այժմ ստեղծված անվտանգային պաշտպանական վիճակն է, որը մեր կարծիքով հնարավոր չէ բարելավել, հնարավոր չէ անվտանգ վիճակ ստեղծել առանց արտաքին քաղաքական ճիշտ դիրքավորման: Մասնավորապես՝ նկատի ունեմ՝ օր առաջ պետք է բազմաբևեռացնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը: Սա ևս պետք է լինի մեր ժամանակավոր կառավարության առաջնային անելիքներից մեկը», - նշեց նա:
Սեֆիլյանի գնահատմամբ՝ ընդդիմադիրների կողմից պահանջվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտ չպետք է կայանան, ըստ նրա, ներկայիս իրավիճակում հնարավոր չէ ընտրություններ անցկացնել:
«Ժամանակավոր կառավարության գործառույթներից մեկը պետք է լինի ժողովրդին այս դեպրեսիայից դուրս բերելը, ամեն օր ճիգ պիտի գործադրենք, գործ անենք, որ այս վիճակից դուրս գանք, եթե այս վիճակից դուրս չգանք, չեն կարող մեր ողնաշարն ուղղել, ուստի այդ ռեյտինգային, տոկոսային հիմարությունները մի կողմ ենք թողնում, լեզու ենք գտնում իրար հետ», - հավելեց «Սասնա ծռեր»-ի ղեկավարը:
«Սասնա ծռերը» փակում է նախկին տարաձայնություններն ու ներքաղաքական հակամարտությունը և առաջ է նայում, հայտարարում է Սեֆիլյանը. «Այժմ դեպի առաջ նայելով, անպայման լուծում պետք է գտնենք՝ այս վիճակից դուրս գալու: Վստահաբար այդ ընդհանուր երկխոսության, ընդհանուր կոնսենսուսի գալու աշխատանքում բազմաթիվ շրջանակներ կարող են օգուտ տալ: Շրջանակներից մեկը 17-ն է, մյուսը կարող է լինել Արմեն Սարգսյանը, մյուսը կարող են լինել հեղինակավոր, ինչ-որ հայտնի մարդիկ, և այս ամբողջ պրոցեսում մեր քաղաքական միավորը միայն օգնողի դերում է»:
Ժիրայր Սեֆիլյանը, որը առաջին ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է և այն ժամանակ եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը, կարծում է, որ Հայաստանն այս պատերազմին չէր պատրաստվել: Բանակը, «Սասնա Ծռեր»-ի առաջնորդի խոսքով, ձևականորեն է պահպանվել:
«Այս հարցում առաջնահերթորեն մեղադրել բանակին պետք չէ, որովհետև քաղաքական ղեկավարությունն է պատվերը տալիս՝ պատրաստվում ենք պատերազմի, թե՝ չէ: 94-ից հետո, երբ մեզ արդեն ժամանակ ընձեռվեց ստեղծելու մեր երազած պետությունը, ազգային պետությունը, մենք փոխանակ այդ ուղղությամբ քայլեր կատարելու հակառակն արեցինք,և հաջորդող տասնամյակներին մենք ոչ միայն չստեղծեցինք պետություն, առհասարակ մենք անվտանգային իմաստով ոչ մի լուրջ քայլ չարեցինք», - ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ. ռազմի դաշտում հայկական կողմը կիսապարտիզանական մարտավարություն պետք է ընտրեր. «Այն սկզբնական շրջանում հակառակորդին չէր հաջողվել մեծ նվաճումներ ունենալ գետնի վրա և ինչ նվաճումներ, որ ունեին, մասնավորապես, հարավային հատվածը եթե նկատի ունենք, այո, այնտեղ մենք նահանջ ենք ապրել և կարելի էր այդ նահանջը տակտիկական նահանջի վերածել և հակառակորդը խորանալով դեպի արևմուտք այդ հատվածը՝ Արաքսի ափը կարող էինք կիասպարտիզանական մարտավարության դիմելով վերածեինք բաց երկնքի տակ գերեզմանի»: