Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահն աջակցեց Հայաստանի վարչապետին և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նույնպես կոչ արեց աջակցել Փաշինյանին։
«Իսկապես, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պատմության շատ բարդ ժամանակաշրջան ապրեցին։ Հայաստանի ղեկավարությունը, Կառավարության ղեկավարը ստիպված եղան ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշում», - հայտարարեց Վլադիմիր Պուտինը՝ շարունակելով․ - «Պետք է նշեմ, որ այդ որոշումները ցավոտ էին, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ էին, և դրանց ընդունումը պահանջեց Հայաստանի վարչապետի անձնական խիզախություն։ Այս նիստին ներկաներից բոլորը հասկանում են պատասխանատվության չափը նման որոշումներ կայացնելու դեպքում։ Նա այդ որոշումը կայացրել է և պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Մեր խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, կյանքի կոչվեն ընդունված որոշումները, և որպեսզի օգնենք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց»։
Այսօր կայացավ ՀԱՊԿ հեռավար գագաթնաժողովը, որը նախագահում էր Վլադիմիր Պուտինը և որին մասնակցում էր Հայաստանի վարչապետը։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահին հրադադարի և Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու համար։ Նա նաև ասաց, որ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի նախագահի հետ գերիների և անհետ կորածների հարցում։
Հայաստանի վարչապետը շեշտեց, որ չնայած երեք շաբաթ է ավարտվել են ռազմական գործողությունները, և Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, կան մի շարք հարցեր, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ «Առաջին հերթին խոսքը ռազմագերիների և խաղաղ բնակչության շրջանում գերիների, անհետ կորածների և սպանվածների մարմինների վերադարձի մասին է», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողությունները այս հարցերը հնարավորինս արագ լուծելու համար։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարն ընդգծեց, որ «անհրաժեշտ է բացառել գերիների հետ դաժան վարվելն ու նրանց ինքնասիրության նսեմացումը»։
Հիշեցնենք, երեկ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ու աճյունների փոխանակման հարցում դիտավորյալ ձգձգման միտում չի նկատում։ Պնդելով, թե գործընթացում առաջ շարժվելու համար կան օբյեկտիվ դժվարություններ, Լավրովը դրանց շարքում նշել է տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու այն հանգամանքը, որ մինչ օրս անհետ կորածների հստակ ցուցակներ չկան։
Հավելենք՝ այսօր Ղարաբաղի թեմային հերթական անգամ անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե Ռուսաստանը չի բանակցում Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի շուրջ, սակայն ողջունում է Ղարաբաղում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու գաղափարը։
Երեկ մի շարք լրատվամիջոցներ տարածել էին տեղեկություն այն մասին, թե Ղարաբաղում հնարավոր է ռուսերենին տրվի հայերենից հետո երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը «բանակցությունների թեմա չէ, դա դե ֆակտո իրավիճակ է, երբ ռուսերենով խոսում են և՛ Ղարաբաղում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»։
«Ռուսերենը և՛ Ղարաբաղում է օգտագործվում, և՛ Հայաստանում, ռուսերենով խոսում են և՛ Ադրբեջանում, և՛ շատ տեղեր աշխարհում, այդ թվում ՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսերենին տիրապետելու մակարդակի տարածմանն ու պահպանմանը։ Դա համարում ենք մեր խնդիրը», - այսօր ասել է Դմիտրի Պեսկովը։