Բերձորը՝ նախկին Լաչինը, որտեղով անցնում է Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, ինչպես նաև Սուս, Աղավնո համայնքները չկան Հայաստանի կառավարության հրապարակած այն համայնքների ցանկում, որոնք անցնում են Ադրբեջանին։
Այդուհանդերձ, ըստ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրի, մինչև դեկտեմբերի 1-ը Լաչինի շրջանն անցնում է ադրբեջանական կողմին։
Վերջին օրերին Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչները հակասական տեղեկություններ են ստանում, որ իրենք ևս ստիպված են լինելու ազատել իրենց բնակավայրերը։ Շատերն արդեն դուրս են եկել, մյուսները հավաքում են իրերը։
Այսօր արդեն Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե հավաստի տեղեկություններ է ստացել, որ այս բնակավայրերը ազատման ենթակա չեն, բնակիչները կարող են և պետք է շարունակեն մնալ իրենց տներում։ Թե որտեղից է այդ հավաստիացումներն ստացել, Մուշեղ Ալավերդյանը չհստակեցրեց, ասաց՝ վերևներից։
Բնակիչները, մինչդեռ, ասում են՝ աչքների առաջ ունեն շատ վատ փորձ և անորոշության զգացողություն, այդ իսկ պատճառով շատերը, այնուամենայնիվ, որոշել են դուրս գալ Բերձորից։ Կան նաև մարդիկ, ովքեր պնդում են՝ շարունակելու են այնտեղ ապրել, մինչև հասկանան, որ այլևս հնարավոր չէ, և հստակ հրահանգ կա իշխանությունների կողմից՝ ազատել բնակավայրերը։
«Ընդհանուր իրավիճակը էսպիսին է․ Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, կարծում եմ, բոլորդ էլ տեղյակ եք, ռազմական գործողությունների արդյունքում է անցել թշնամուն, և էդտեղից էլ տարհանումը քանի որ շատ կարճ ժամանակում ենք կարողացել իրականացնել, մեծ հաշվով պետական աջակցություն չի եղել, դա երևի թե առաջին հերթին իմ բացթողումներից մեկն է, մարդիկ դուրս են եկել առանց որևիցե մի գույքի կամ սեփականության տեղափոխման հնարավորության։ Հիմա, ամսի 9-ի պայմանավորվածությունից հետո, երբ որ հստակ դարձավ, որ Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը ևս պետք է հանձնվի թշնամուն, սկսել ենք գործընթաց՝ ժողովրդի տարհանման գործընթաց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալավերդյանը՝ մանրամասնելով․ - «Գործընթացը էսպիսին է՝ եթե բնակիչը կարողանում է ինքնուրույն մեքենա գտնել, մենք վառելիքով ենք օգնում, և տարբեր գերատեսչությունների հետ, մեր Կառավարության հետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, փորձում ենք նաև անվճար մեքենաներ, ինչքանով որ հնարավոր է»։
«Կապված Բերձորի, Աղավնոյի և Սուսի հետ՝ ուրեմն, էսպես ասեմ՝ քանի որ որոշակի անհստակություն կար, ես, որպես շրջանի քաղպաշտպանության ղեկավար, ունենալով [վատ] փորձ հարավային թևում, ինքս հորդորել եմ բնակիչներին, որ ազատեն նաև այս երեք բնակավայրերը։ Դրանից հետո որոշակի երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ, այսպես ասած, ստանալով, ավելի հստակ ինֆորմացիա ստանալով, ավելի հստակ ցուցումներ ստանալով՝ այս պահին հորդորում ենք բոլոր բերձորցիներին, Աղավնոյի բնակիչներին, Սուսի բնակիչներին՝ մնալ, ապրել և շարունակել իրենց խաղաղ կյանքն ու կենսագործունեությունը», - ասած Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը՝ հրաժարվելով պատասխանել հարցին՝ Ստեփանակերտի՞ց, թե՞ Երևանից է ստացել այդ ցուցումները։
Բերձորի բնակիչ Վերգուշ Վարդանյանը մեկ օրով է վերադարձել քաղաք՝ հոր գերեզման այցելելու համար, վստահ չէ, որ հետո նման հնարավորություն կունենա։ Հիմա ապագան նրա համար անորոշ է, տեղափոխվել է Հայաստան, բայց մշտական բնակության վայր չունի։ Ցավով է պատմում, որ Բերձորի իր տունն էլ այս ընթացքում թալանվել ու ավերվել է։
«Թողնում ենք տուն, հայրենիք, մնում ենք անհասցե, առանց կյանք, առանց երազանք»
«Ինչ ունեինք՝ ստեղծել ենք զրոյից, ու շատ-շատ-շատ բարդ ու դժվարությամբ ամեն ինչ ունեցել ենք, բայց էսօրվա դրությամբ ոչ մի բան չունենք։ Թողնում ենք տուն, հայրենիք, մնում ենք անհասցե, առանց հայրենիք, առանց կյանք, առանց երազանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը։
Նա հայտնեց, որ իրերը դուրս է բերել, որովհետև «եթե թողնեի, հաստատ տերը չէի լինելու»։ «Ես երեկ եկել եմ մտել եմ մեր տուն, նայում եմ՝ հատակը չկա, տանիքի կեսը չկա, պատուհանները չգիտեմ ինչ, դռները հանած։ Էդ էլ, իհարկե, թուրքը չի արել, էդ էլ հայ թուրքն է արել, էլի, չգիտեմ ոնց, ինչ, բայց արել են մարդիկ։ Մեզ ասում են՝ մի հանեք իրերը, մնում է Բերձորը, չենք հանձնում, բան, բայց, գիտե՞ս, ես էս վերջին պահին չեմ կարողանալու հանեմ ոչ մի բան», - նշեց կինը։
«Ասացի՝ գամ, գոնե վերջին անգամ գերեզմանոց գնամ, ման գամ, չգիտեմ, էս օդը շնչեմ միգուցե ու գնամ։ Արդեն արցունք էլ չկա, արդեն չես էլ կարողանում լացես, որովհետև էնքան զոհ ենք տվել, էնքան ցավ ենք ապրել, էնքան ապրումներ ենք ունեցել, որ արդեն ոչ մի ձևով չես կարողանում, արդեն ոնց որ հեշտությամբ լինի ամեն ինչ», - ասաց Վերգուշ Վարդանյանը։
«Կողք-կողքի ինչպե՞ս ապրենք»
Սայաթ Լոքյանը 90-ականների պատերազմից հետո առաջիններից է վերաբնակեցվել Բերձորում։ Այսօր կտուրն է քանդում։
«Եթե կոնկրետություն լինի, ասել ա՝ գարանտիա պիտի տան, մարդուն պետք ա գարանտիա տան՝ ինքը մնալով էստեղ, ինչ ա լինելու, ոնց ա լինելու իրա ապագան։ Եթե չկա էդ գարանտիան, ի՞նչ է անելու», - ասաց Լոքյանը։
Պատշգամբից ցույց տվեց հարևան գյուղը, որն անցնելու է ադրբեջանցիներին, ասում է՝ «կողք-կողքի ինչպե՞ս ապրենք»․ - «400 մետր ա, էդ կողքի գյուղը տալիս են իրանց, դե ստեղի ապրողը ի՞նչ պիտի անի, էս ձորում ապրողը։ Ո՞նց կարելի ա ստեղ ապրել, կլինի՞ տենց»։
«Մենք պարտվեցինք, դրա համար էլ մենք չենք կարողանում ինչ-որ բան տենց պինդ ասենք։ Այ որ չպարտվեինք, էն վախտ թելադրողը մենք էինք լինելու, իրանք էին մեր օրն ընկնելու։ Այ որ մեր ժողովուրդը կանգներ կռվեր, կանգներ զորքի թեկուզ հետևում, այ էն վախտ լավ կլիներ։ Չկանգնեցինք, չարեցինք՝ մեղավորը մենք ենք, բոլորով», - նաև ասաց Սայաթ Լոքյանը։
Քաղաքապետը դուրս չի գա, նույնն էլ հորդորում է համայնքի բնակիչներին
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, մինչդեռ, ասում է՝ ինքը դուրս չի գա, նույնն էլ հորդորում է համայնքի բնակիչներին։ «Իրավիճակը էս պահին էդ նույն հրապարակած ցանկին համապատասխան ա, այսինքն՝ Բերձորը, Սուսը, Աղավնոն մնում են, մարդիկ էլ հնարավորություն ունեն մնալու և ապրելու իրենց բնակավայրերում», - հայտարարեց Ալեքսանյանը։
Թե որտեղից է ստացել նման վստահեցումներ, քաղաքապետն ասաց․ - «Ես նման բաներ ստանում եմ շրջվարչակազմի ղեկավարից, ըստ այդմ էլ՝ ես, վարչակազմի ղեկավարն իրա հերթին, բնակիչներին էդ ամեն ինչը փոխանցում ենք»։
«Հնարավոր է, որ դուրս եկած լինեն՝ փորձելով նաև իրանց գույքը անվտանգ տեղ տեղափոխել, բայց մարդիկ հետ են գալիս, իրենք էստեղ են, մնում են իրենց տներում», - հայտարարեց Ալեքսանյանը։
«Հաշվի առնելով Բերձորի դիրքը, որը որ շրջանի կենտրոնում է հենց գտնվում, հյուսիսային, հարավային թևերը լինելու են, կամ լինելու են, կամ չէ, ադրբեջանցի բնակիչներ, ամեն դեպքում՝ մեր անվտանգությունը փորձելու ենք մենք ինքներս ապահովել մեր էստեղ՝ Բերձորում մնալով։ Ճանապարհի հետ կապված՝ էս պահին ես մանրամասներ չունեմ, բայց էն ճանապարհը, որ գնալու է Ստեփանակերտ, դա անցնելու է Բերձորով, որով որ էս պահին էլ դուք եկաք, տեսաք, որ նորմալ է, ոչ մի խնդիր, ոչ մի խոչընդոտ չկա», - նաև ասաց քաղաքապետը։
«Իմ ձեռքը չի բռնի, որ մեր տունը այրեի, չէ»
Վարագագյուղը Քաշաթաղի շրջանի այն 51 համայնքներից մեկն է, որ մինչև դեկտեմբերի 1-ն անցնում է Ադրբեջանին։
Դալլաքյանների ընտանիքը վերջինն է, որ դուրս է գալիս գյուղից։ Սուսան Դալլաքյանը Ադրբեջանին անցնող գյուղում է թողել իր, դստեր, քրոջ տները։
«Ոչ մեկն էլ չեն կարողանա ապրել, ոչ մեկն էլ ստեղ երեխա չի բերի։ Որ թուրքն էդքան արնախում ա, ի՞նչ կանի, եթե կողքի հետ ապրեն։ Հի՞նգը տարի հետո ինչ կանի, նույն վիճակում, որ հինգը տարով պայմանագիր են կնքել», - ընդգծեց կինը։
Ամեն ինչ դատարկել են, բայց տունն այրելու ուժ այդպես էլ չեն գտել․ - «Ես չէ, ոչ էլ աղջիկս, մենք ափսոսացել ենք։ Ասի՝ ոնց ուզում են թող ապրեն, բայց ինձ պետք չի, իմ ձեռքը չի բռնի, որ մեր տունը այրեի, չէ»։