«Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը»․ վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

«Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար:

Պետքարտուղարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:

Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:

«Բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավարությունը:

Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին և որը շարունակական է լինելու:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել նախագահ Մակրոնին: