Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», չցանկացան արձագանքել։
Փաշինյանի հրաժարականը պահանջող արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասաց՝ միակ ուղերձը, որ սպասում են Նիկոլ Փաշինյանից, հրաժարականի հայտարարությունն է․ - «Եթե Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը, ունենար մի փոքր պետական մտածելակերպ և մտածեր երկրի ապագայի մասին, նա վայրկյան առաջ կներկայացնել հրաժարական և դրանով կթողներ գային իշխանության այնպիսի մարդիկ, որոնք ունակ են այս ստորագրած հայտարարության արդյունքում հետագայում ստորագրվելիք պայմանագրում ավելացնել որոշակի հայանպաստ կետեր։ Նա դա չի անում։ Նրա բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն։ Իշխանությունը նա պահում է մեր երկրի և մեր բոլորի ապագայի հաշվին»։
Իր ուղերձում Փաշինյանը հայտարարեց, թե ճշմարտությունը, անգամ դառը ճշմարտությունը ժողովրդից չեն թաքցրել, որքան որ ռազմական պայմաններում հնարավոր է եղել, հայտնել են իրականությունը։ Օրինակ, որ Հադրութի, Մարտունու, Շուշիի և Քարինտակի մերձակայքում են մարտերը, որ Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր են ձևավորվում։ «Ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը», - հարցնում էր Փաշինյանը։
Արթուր Վանեցյանը համաձայն չէ։ Նրա խոսքով, 44 օր մարդկանց մոտ տպավորություն են ստեղծել, որ հայկական կողմը հաղթում է․ - «Հիմա մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ է նշանակում «տակտիկական նկատառումներից ինչքան թույլատրելի էր»։ Նոյեմբերի 9-ին արդեն պարզ էր, որ նա ստորագրելու է այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Ինչո՞ւ ինքը նոյեմբերի 9-ի ցերեկը խաբեց հերթական անգամ հանրությանը և ասեց, որ Շուշիում դեռևս մարտեր են ընթանում։ Եվ նման օրինակներ կարող եմ բերել հազարավոր»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չնայած ժողովուրդը դառնացած է և զայրացած, սակայն ինքը տեսնում է ժողովրդի վստահությունը, իսկ ընդդիմադիրները ամեն առիթ օգտագործում են հանրության շրջանում խուճապ առաջացնելու, քաոսի զգացում տարածելու և պատերազմը Հայաստան տեղափոխելու համար, Վանեցյանը հակառակը՝ Փաշինյանի ուղերձում է տեսել հանրությանը բաժանող հայտարարություններ․ - «Երկրում ստեղծված ճգնաժամը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը չպետք է որոշվի հրապարակում հավաքված մարդկանց քանակով։ Երկրում կա հստակ ճգնաժամ և այդ ճգնաժամից միակ դուրս գալու տարբերակը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հրաժարականն է։ Իսկ ի՞նչ ենք մենք անում այդ ուղղությամբ։ Մենք իրականացնում ենք օրենքով թույլատրվող բոլոր միջոցառումները՝ սկսած փողոցային պայքարից, վերջացրած քաղաքական մնացած գործիքակազմը օգտագործելով։ Եվ այս հարցը ի վերջո պետք է լուծի Հայաստանի Հանրապետությունում առաջնային մանդատ ունեցող մարմինը, այն է՝ Ազգային ժողովը»։
ՀՅ Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է կառչել իշխանության ավերակներից․ - «Երբ որ պարզ եղավ, որ Նիկոլ Փաշինյանը պիտի ուղերձով դիմի ժողովրդին, միամտաբար հասարակությունը սպասում ուներ, թե Նիկոլ Փաշինյանը պիտի իր բարոյականության վերջին փշրանքները և խիզախության՝ եթե ուներ, վերջին փշրանքները հավաքեր և եթերով հրաժարական տար։ Հրաժարական տար մի մարդ, որը երկուս ու կես տարում բոլոր ճակատներում ձախողեց Հայաստանը, և խայտառակ դիվանագիտական պարտությանը հաջորդեց ռազմական պարտությունը։ Իսկ էդ պարտության անունը հայրենազրկում է, հայրենիքի մի մասի կորուստ։ Շատ-շատերի համար Ցեղասպանությունից հետո սա հայ ժողովրդին հասցված երևի մեծագույն հարվածն էր։ Եվ այսքանից հետո պարտված և պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը, եթե բարոյականության նվազագույն նշույլ ուներ, պիտի ուղղակի հրաժեշտ տար, սահուն հեռանար։ Բայց ըստ էության, տեսնում ենք, որ բարոյականություն և Նիկոլ Փաշինյան արտահայտությունները միմյանց հետ կապ չունեն»։
Կառավարությունում կատարվող փոփոխությունները, ըստ Փաշինյանի հրաժարականը պահանջող Դաշնակցության ներկայացուցչի, իրավիճակը չեն կարող շտկել․ - «Նիկոլ Փաշինյանը թանկ ժամանակ է կորցնում։ Պատկերացնո՞ւմ եք, թուրքը հարավից մտել է Դավիթ Բեկ համայնք, վերևում Սոտքը, ու միամիտ հայ ժողովրդի մի մաս փորձում էր կառչել էս ֆեյսբուքներից, իբրև թե սա պիտի հայտարարությամբ հրաժարվեր․․․ Չէ, ինքը Հայաստանը մինչև վերջ տանելու է կործանման։ Բայց, փառք Աստծու, կա արթնացման մի ընթացք, կան քաղաքական ուժեր, ովքեր ուզում են էս մնացածը փրկել։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր վայրկյանը իշխանության մեջ Հայաստանին հանգեցնելու է նոր կորուստների, նոր աղետների, նոր ողբերգությունների»։