ՊՆ-ի առջև բողոքի ակցիայից հետո վարչապետը հանդիպել է կորած զինծառայողների ծնողներին

Ղարաբաղում պատերազմին մասնակցած, ապա անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներն այսօր ևս Պաշտպանության նախարարության առջև էին՝ պահանջելով գտնել իրենց որդիներին. հավաքված մարդկանցից շատերի զավակները ոչ զոհվածների, ոչ անհայտների ցուցակներում չկան։

«Գալիս ենք էստեղ` այն նպատակով, որ դռնից ներս մի հատ պետական մարմին` կլինի նախարար, կլինի զինվորական մեկը, գա, մեզ պատասխան տա, ինչ-որ տվյալ իմանա, իմանանք էլի` ինչ ա կատարվում: Հասկանում ենք` պատերազմ է եղել, բայց մեզ արհամարհում են, բոլոր այս ծնողներին», - ասում է հավաքված կանանցից մեկը:

Մյուսը հավելում է. «Սպասում ենք, ամեն օր մեր պետությունը խաբելով` գնացեք, երկուշաբթի մի բան կասենք, գնացեք, ուրբաթ օրը կգաք, մի բան կասենք, ու սենց շարունակ»:

Ընդ որում, կան մարդիկ, որոնք կորցրել են միանգամից ընտանիքի 2 անդամի՝ հոր և որդու կամ 2 եղբայրների, որոնք միասին են ծառայել. «Երկուսն էլ իմ տղաներն են, պարտադիր զինծառայող են եղել հայրենիքի համար՝ էս հայրենիքի, որն արդեն ինձ համար հայրենիք չի կոչվում: Ջաբրայիլ, երկուսն էլ չկան, հոկտեմբերի 9-ին {եմ խոսել}, ու մինչև առայսօր 2 ամիս է` ոչ մի պատասխան չունեմ, իրենցից եմ ուզում պատասխան, 2 ամիս ա` խաբում են, սաղիս տանում, բերում են»:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից` Գագիկ Իսախանյանն ասում է. «Զանգում ես սպաներին, գալիս ես, էստեղ պահանջում ես, ասում ես` էտ նորակոչիկները վիրավոր պառկած են, մեկը վիրավոր ընկած է, ինչի՞ չեք հետևից մարդ ուղարկում: Ասում է` դե մալադոյի համար կարող է սպեցնազիս տանեմ, վարի տամ, հասկանու՞մ եք` ինչն ա, մարդկային չի, բացարձակ բարոյական չի այդ ամեն ինչը: Հիմա եկել եմ ես, նախարար Տոնոյանին հարց եմ տալիս, ասում եմ` ինչի՞ համար չեք էտ ամեն ինչը կազմակերպել, ասում ա` դե եկեք էտ ամեն ինչին չանդրադառնանք, անցած լինի, անցել, գնացել է: Էտ մարդը խոսում ա, իր բառերը, ենթատեքստն ասում է նրա մասին, որ բացարձակ արժեք չունեն մեր երեխաներն իրենց համար»:

Ժամեր անց Պաշտպանության նախարարություն եկավ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ապա՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որից հավաքվածները պահանջում էին իրենց հարցերին հստակ պատասխաններ տալ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է խորհրդակցություն արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերով: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները, անդրադարձ է եղել տուժող ընտանիքների սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերին: «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում», - նշել է Փաշինյանը:

Խորհրդակցության ժամանակ վարչապետը շեշտել է, որ ամենակարևորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է. «Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն և խոսեն ընտանիքների հետ»:

Նշենք, որ Պաշտպանության նախարարության առջև հավաքվող մարդկանց հավաստմամբ` վերջին մեկ ամսվա ընթացքում եզակի պաշտոնյաների են հանդիպել, այդ թվում` նրանց մի խմբին ընդունել է արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն դրանից հետո ևս սայլը տեղից չի շարժվել:

Կառավարությունում անցկացված խորհրդակցությունից հետո Պաշտպանության նախարարություն եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Վերջինս փորձեց զրուցել հավաքվածների հետ: Հավաքված հարյուրավոր մարդիկ պահանջեցին հանդիպում կազմակերպել վարչապետի հետ, Նաիրի Սարգսյանը գնաց նախարարություն, վերադառնալուց հետո հայտնեց, որ հենց այսօր վարչապետը կընդունի 25 կորած զինծառայողների ընտանիքների անդամների. «Ծնողներից 25 հոգի հիմա իջնում են վարչապետի հետ հանդիպման: Մնացածների հետ աստիճանաբար: Ամենօրյա ռեժիմով կհանդիպենք, առաջին հանդիպումը կլինի այսօր` ժամը 7:30 կառավարության նիստերի դահլիճում»:

Ուշ երեկոյան հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել։ Ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունը ձեր կողքին է, ձեր ընտանիքի անդամն է, ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է»:

«Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է: Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ և հույս ունեմ, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց, մեր եղբայրների կկարողանանք գտնել, վերադարձնել և այդ առիթով ուրախանալ», - ասել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

Հանդիպումն այնուհետև շարունակել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հանդիպումից դուրս եկած ծնողները լրագրողներին հանդիպման բովանդակությունից շատ տեղեկություններ չհայտնեցին, միայն ասացին, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտված հարավային տարածքներում հայկական ուժերը հնարավորություն չունեն որոնողական աշխատանքներ իրականացնելու, ստիպված են ապավինել երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպությունների ջանքերին, որոնց հետ ակտիվ աշխատում են: Ժամեր տևած հանդիպումից այլ տեղեկություններ նրանք չհայտնեցին:

Ապա անհետ կորած երիտասարդների ծնողներն ու ընտանիքի անդամները որոշեցին երեքշաբթի օրը ևս հավաքվել Պաշտպանության նախարարության առջև: