Մատչելիության հղումներ

Նոր հույս՝ ավելի քան մեկ ամիս որդուց լուր չունենալուց հետո


Ավելի քան մեկ ամիս ժամկետային զինծառայող որդու մասին լուր չունեցող ընտանիքում նոր հույս է արթնացել, որ որդին Կարմին խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ադրբեջանական գերությունից տուն կվերադառնա։

Ավելի քան մեկ ամիս ժամկետային զինծառայող որդու մասին լուր չունենալուց հետո Սարիբեկ Խաչատրյանը որդուն տեսել է ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութում։ 18-ամյա Էրիկ Խաչատրյանը Հադրութում էր մասնակցել մարտական գործողություններին և վերջին անգամ ընտանիքի հետ հոկտեմբերի 12-ին է կապվել։ Զինվորի հարազատներն այժմ հույս ունեն, որ Կարմիր խաչի միջոցով կկարողանան որդուն հետ բերել։

«Էս վիդեոյով տեսա, որ էրեխես ողջ է։ Հոկտեմբերի 12-ին իրա հետ խոսացել։ Հադրութում էր, ու գիտեմ, որ ինքը վիրավոր է եղել։ Էրեկվա դրությամբ արդեն տեսել եմ վիդեոներով, որ Էրիկը գերի ա ընկել։ Վիդեոյով նայում ես, որ մի էրկու հատ խփում են գլխին․․․ էլ ուրիշ բան չեմ տեսել», - ասաց Սարիբեկ Խաչատրյանը։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հարվածներ հասցնում հայ ռազմագերուն։

Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը Խաչատրյանի դեպքով պատրաստվում են առաջիկայում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ազատության հետ զրույցում Սիրանույշ Սահակյանն ասաց՝ տարածված տեսանյութում ևս երեք հայ ռազմագերի կա։ Այժմ զբաղված են նրանց նույնականացմամբ․ - «Դեռ իդենտիֆիկացված չեն, կասկածներ ունենք, բայց սպասում ենք մասնագիտական կարծիքի, որից հետո նաև կլինի ճանաչում ընտանիքի անդամների կողմից, և նոր գործը կներկայացվի Եվրոպական դատարան»։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ ցանկացած տեսանյութից հետո իրենք սկսում են քայլեր ձեռնարկել ռազմագերու մասին տեղեկատվություն ստանալու համար․ - «Որոշ դեպքերում հնարավորություն ենք ստացել արդեն տեսակցել անձանց, որոշ դեպքերում փորձում ենք հաստատում ստանալ։ Բոլոր տեսակի ընթացիկ տեղեկությունները և արձագանքը, որը ստանում ենք, մենք կիսում ենք ընտանիքների հետ, ոչ թե հանրության»։

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության մեջ դրույթ կա ռազմագերիների փոխանակման մասին։ Հայտարարությունից երկու շաբաթ է անցել, բայց դեռևս այս գործընթացը չի մեկնարկել։

Զառա Ամատունու խոսքով, իրենք պատրաստ են իրականացնել իրենց առաքելությունը․ - «Այս պահին դժվար է որոշակիություն մտցնել այս հարցում, այսինքն մեր մասով ամեն դեպքում։ Մեր պատրաստակամությունը առկա է, մենք պատրաստ ենք կողմերի հետ շփվել։ Սակայն բանակցային գործընթացի արդյունքում ստացված հայտարարությունը փաստաթուղթ է, կամ այն պայմանավորվածությունն է, որի շուրջ պետք է նստեն համապատասխան կողմերը, ոչ թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որովհետև մենք՝ որպես մարդասիրական կազմակերպություն, ընդգրկված չեն բանակցային գործընթացներում։ Մենք կարող ենք աջակցել, որը մենք նաև անում ենք ընթացքում և, համաձայնության երբ գան կողմերը, օգնենք կազմակերպել վերադարձի գործընթացը»։

Արցախում պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից հետո արդեն ավելի քան 50 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով դիմումներ են ներկայացվել Եվրադատարան։ Այս կառույցից գլխավոր ակնկալիքն այն է, որ իրականացվեն միջոցառումներ սահմանի մյուս կողմում հայտնված հայաստանցիների կյանքի իրավունքն ապահովելու համար։

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի խոսքով, իրենք զբաղվում են 40 գերիների հարցերով։ Արդեն Ստրասբուրգ են ուղարկել 29 գերիների մասին դիմումներ, որոնցից 20-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ն արդեն որոշումներ է կայացրել՝ հարցեր ուղղելով Ադրբեջանի կառավարությանը նրանց պահման վայրի և առողջության մասին։ Մյուսների մասով աշխատանքներն ընթացքի մեջ են։

Սահակյանի խոսքով, Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչին գերիներին այցելելու հարցում։ Միևնույն ժամանակ, ըստ իրավապաշտպանի, ադրբեջանական կողմը շարունակում է անմարդկային վերաբերմունք ցուցաբերել հայ գերիների նկատմամբ․ - «Վերջիններս հավելյալ իրավունքների սահմանափակումների և խախտումներ են արժանանում՝ բացառապես իրենց ազգությամբ պայմանավորված։ Այս հանգամանքները ևս վկայակոչվել են։ Նախկինում քննված գործերով դատարանը վերահաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները երբևէ չեն տրամադրում և երբևիցե չեն կարողացել ապահովել հայերի իրավունքների խախտման առնչությամբ արդյունավետ մեխանիզմներ»։

Սահակյանի խոսքով՝ մինչև այս պահը Ադրբեջանը Եվրադատարան է ուղարկել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, սպառիչ պատասխաններ չեն տալիս գերիների առողջության և պահման պայմանների մասին։

Իրավապաշտպանի փոխանցմամբ, մինչև դեկտեմբեր ՄԻԵԴ հիմնական գանգատներ կներկայացնեն ռազմագերիների հարցերով։ Արդեն երեք հոգու մասով են դիմել՝ ահազանգելով խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի մասին, շեշադրելով նաև ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող անձանց հրապարակային հայտարարությունները, երբ ճնշման ներքո հայաստանցի զինվորներին ստիպում են հանդես գալ Հայաստանի դեմ։

Օրեր առաջ Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցներին ներկայացրեցին հայ գերիների ու զոհվածների դիերի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վերաբերյալ 4-րդ զեկույցը, որի բովանդակությունը չի հանրայնացվում:

XS
SM
MD
LG