Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր տարածած իր հայտարարությունում մանրամասներ է ներկայացրել պատերազմի մասին և բացատրել, թե ինչու Հայաստանի վարչապետը նոյեմբերի 9-ին ստորագրեց ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։
Գեներալ-գնդապետը շեշտում է, որ որպես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար՝ պատասխանատվություն է կրում Զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար. «Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը: Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և Պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն»:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հայտարարությունում գրել է՝ «իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա Զինված ուժերի կարողությունների վերաբերյալ»։ Գասպարյանը շեշտում է` իր նշանակումից՝ հունիսի 8-ից հետո վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և Հայաստանի զինուժի կարողությունները: Իր կատարած վերլուծության հիման վրա էլ ներկայացրել է առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել է, որ Ադրբեջանից բացի, նաև Թուրքիան է հանդես գալիս հակառակորդի դիրքերից, և որ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն: Իսկ չխուսափելու դեպքում պարտադրված պատերազմում պետք է փորձեն հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել հակառակորդին մեծ կորուստներ և ստիպել հրաժարվել հետագա գործողություններից:
«Պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Քաղաքագետ Արման Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այս հայտարարությունը համարում է հաղորդում հանցագործության մասին։ Ասում է՝ եթե Գասպարյանի բացատրությունը բացարձակ ճշմարտություն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է հրաժարական ներկայացնի, այլև կանգնի դատարանի առջև. «Իմանալով հանդերձ, այսինքն` Գլխավոր շտաբը եթե զեկուցել է վարչապետին, որ նախ մենք կանգնած ենք պատերազմի ռեալ հնարավորության առջև, և եթե պատերազմ տեղի ունենա, մեր շանսերը շատ-շատ փոքր են, և դա որևէ ազդեցություն չի ունեցել մեր շատ կարծր դիվանագիտական դիրքորոշման վրա, ես դա այլ կերպ, քան հանցագործություն բնութագրել չեմ կարող: Սա հանցավոր անկոմպետենտություն է, դրանում երկու կարծիք չի կարող լինել»:
Անդրադառնալով 44 օր ձգված ռազմական լայնածավալ գործողություններին, որոնց հետևանքով հայկական կողմը փաստացի կորցրեց Ղարաբաղի հարակից յոթ շրջանները, ինչպես նաև Հադրութը ու Շուշին, Գասպարյանը գրում է, որ պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և հայկական կողմը պարտադրված շարունակել է մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Քաղաքագետ Գրիգորյանը կարծում է, եթե վարչապետը կամովին հրաժարական չներկայացնի, խորհրդարանը իմփիչմենթի գործընթաց պետք է նախաձեռնի, ինչից հետո էլ իրավական գործընթաց սկսվի։ Գրիգորյանը նորություն չի համարում այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին տեղեկությունները. «Օնիկ Գասպարյանն ասում է, որ Թուրքիան և Ադրբեջանը չէին համաձայնում զինադադարին, նախ հարց է առաջանում, թե այդ ինչ պայմաններով էինք մենք զինադադար առաջարկում, որ չէին համաձայնվում: Բնական է, որ չէին համաձայնվելու, բայց այստեղ մյուս խնդիրը կա, որ մենք արդեն գիտենք, դրա մասին բազմաթիվ հայտարարություններ ու պնդումներ են եղել, որ Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը պատերազմի սկզբնական շրջանում` Լավրովի պլանին վերադառնալու պայմանով, և մերոնք դա էլ են մերժել: Ամենասկզբից, երբ որ խոսք էր գնում ռուս խաղաղարարների տեղակայման մասին, մերոնք դրա մասին նույնիսկ լսել չէին ուզում: Հիմա ասենք այդ ամեն ինչը երբ որ հիշում ենք և դնում ենք այդ կոնտեքստի մեջ Օնիկ Գասպարյանի ասած, որ չորրորդ օրն արդեն պարզ էր, որ մենք կանգնած ենք կատարյալ կատաստրոֆայի դռանը, և նրանք դեռ մերժում էին ինչ-որ առաջարկնել` պատերազմը կանգնացնելու, ես պարզապես չեմ հասկանում` այդ մարդիկ ինչով են մտածել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած առցանց ասուլիսում, հետո էլ խորհրդարանում հայտարարել էր՝ տեղի ունեցածի պատասխանատուն ինքն է, և ինքն էլ կկրի այդ պատասխանատվությունը, բայց նաև բարձրացնելու է հարցեր ինչպես իր պաշտոնավարման շրջանն ընդգրկող 2.5, այնպես էլ վերջին 30 տարիները մսխելու վերաբերյալ։