Երևանում շուրջ 4 ժամ տևած հանրահավաքը` կազմակերպված 16 քաղաքական ուժերի կողմից, Ազատության հրապարակում ավարտվեց: Նրանք ինչպես նախորդ 3 օրերին, այսօր ևս շարունակում են պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա` ասելով, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած անձը չպետք է պաշտոնավարի:
Այսօր ելույթ ունեցան բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և հիմնական ասելիքն էլ հենց դա էր, որ Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա: Սակայն նրանք չեն նշում, թե վարչապետի հրաժարականի դեպքում իրենք ինչ միջոցներով պիտի հասնեն օրինակ` այս հայտարարության հետկանչմանը: Ասում են, որ ցույցերը պետք է շարունակվեն, հրավիրում են բոլոր քաղաքացիներին միանալ իրենց:
Ավելի վաղ նրանք ներկայացրել էին ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը, ասպես, քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ` ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ` Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»:
Հանրահավաքը ավարտին հայտարարվեց, որ վաղը լռության օր է, իսկ հաջորդ օրը կրկին հանրահավաք կհրավիրեն: