Մոսկվան համոզված է, որ Երևանը կկատարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարեց, որ Մոսկվան համոզված է, որ պաշտոնական Երևանը կկատարի նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

«Երեկ նախագահ Պուտինն է շփվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր առավոտյան ես եմ շփվել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ հասկանում է իր պատասխանատվությունը և հասկանում է, որ ստորագրել է այս փաստաթղթի տակ իր ազգի բարձրագույն շահերի համար, - ասել է Լավրովը` հավելելով, - ես համոզված եմ, որ այս համաձայնագրի ամբողջականությունը պահպանվելու և իրագործվելու է։ Համենայն դեպս, ես տեսնում եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որ հասկանում են` ինչ է կատարվում և ճիշտ հետևություններ են անում»։

Լավրովն այսօր իր խոսքում նկատել է` Մոկսվայում տեսնում են, որ այս համաձայնագրի հետևանքով Հայաստանում սկսվել են բողոքի ակցիաներ, և նույնիսկ հասկանում են, որ փողոց դուրս եկած մարդկանց շրջանում կան նրանք, ովքեր անկեղծ ցավ են ապրում։ Սակայն սրա հետ մեկտեղ նա շեշտել է, որ իշխանությունները պետք է ժամանակին բացատրեին բնակչությանը, որ հնարավոր չէ անվերջ պահել յոթ շրջանններ, և որ դրանք պետք էր վերադարձնել։

Լավրովն այսօր խոսել է նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին` ասելով, որ անհրաժեշտ է քննարկել կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը` հաշվի առնելով բոլոր մարդկանց իրավունքները, այնտեղ ապրող մարդկանց, և այն մարդկանց, որ այնտեղ ապրել են և պետք է վերադառնան:

Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, իսկ Ադրբեջանի նախագահն իր հայտնի տեսագրությունում ծիծաղելով ասում է, որ կարգավիճակի հարցն ընդհանրապես չկա: Ռուսաստանի արտգործնախարարն այսօր նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին Մոսկվա պետք է ժամանեն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ստորագված փաստաթղթի իրագործման հետ կապված քայլերը քննարկելու համար։ Երեկ երեկոյան կայացել էր Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հեռախոսազորւյցը։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Լավրովն այս հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է` կնքված համաձայնագրի հիմքում Մինսկի խմբի համանախագահների մշակած սկզբունքներն էին:

Հիշեցնենք, որ ո՛չ Մադրիդյան սկզբունքներում, ո՛չ Կազանյան փաստաթղթում որևէ կետ չկար Շուշիից ու Հադրութից հայկական զորքերի դուրս բերման, ոչ էլ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող կամրջի մասին։ Այսօրվա ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարարը հերթական անգամ ընդգծեց, որ փաստաթղթի համաձայն` Ղարաբաղում տեղակայվելու են բացառապես ռուսական խաղաղապահները, իսկ թուրք դիտորդների առաքելությունը սահմանափակվելու է այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի տեղակայման համար այն տարածքում, որը մոտ չէ Ղարաբաղին, և որը լրացուցիչ կհամաձայնեցվի: Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, կենտրոնը պետք է հետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղեկություն հավաքի, ամփոփի և ստուգի հրադադարը խախտելու մասին ամբողջ տեղեկությունը։

Համաձայնագիրը ստորագրելուց ժամեր անց պաշտոնական Բաքուն և Անկարան հայտարարում են, որ Ղարաբաղում լինելու են ոչ միայն ռուս, այլ նաև թուրք խաղաղապահներ, Մոսկվան սա օրը մի քանի անգամ տարբեր հարթակներից հերքում է։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ թուրք խաղաղապահների հարցը նույնիսկ չի քննարկվել, և նրանց տեղակայումը Ղարաբաղում հնարավոր չէ առանց Երևանի համաձայնության։

Հավելենք, որ ռուսական պատվիրակությունը վաղը` նոյեմբերի13-ին, կայցելի Թուրքիա Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ասել է, թե Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնի գտնվելու վայրը կորոշվի Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններում։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերահաստատել է պաշտոնական Անկարայի և Բաքվի հայտարարություններն առ այն, որ Թուրքիայի զինծառայողները Ռուսաստանի զինծառայողների հետ միասին կմասնակցեն խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում։