ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է տեղեկատվություն տրամադրել իր տարածքում գտնվող հայ 6 ռազմագերիների վերաբերյալ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի քան 40 օր ձգվող պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված ռազմագերիների հարցերը քննող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանից պահանջել է տեղեկատվություն տրամարդել իր տարածքում գտնվող 6 ռազմագերիների վերաբերյալ։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը գործընկերոջ՝ Սիրանույշ Սահակյանի հետ միասին օրերս Ստրասբուգ էին ուղարկել Սամվել Կնազյանի, Սամվել Քաստակցյանի, Հովսեփ Սահակյանի, Վահե Աբրահամյանի, Գեղամ Էլբակյանի և Նորիկ Առաքելյանի վերաբերյալ դիմումներ։ Եվրադատարանը մինչև նոյեմբերի 13-ը ժամկետ է սահմանել Ադրբեջանի կառավարության համար։

«Ադրբեջանին ուղղել է հարցեր, մասնավորապես, արդյոք անձինք, ում մասին խոսքը գնում է, նրանք գերեվարվե՞լ են, և եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում, և ցուցաբերվե՞լ է արդյոք նրանց բժշկական պատշաճ սպասարկում», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Զեյնալյանին են դիմել այս 6 ռազմագերիների հարազատները, պատմելով, որ ադբեջանական գերության մեջ հայտնված իրենց հարազատների սոցցանցերից նամակներ են ստացել։ Նրանց հնարավոր է եղել նույնականացնել նաև տեսանյութերով։

«Նրանք ոչ միայն տեսանյութերով նույնականացված անձինք են, այլ նաև կան ապացույցներ, որ այս անձինք ողջ վիճակում ինչ-որ մի պահի գտնվել են ադրբեջանցիների իրավազորության ներքո. դրանք հեռախոսային խոսակցություններ են արձանագրված կամ հաղորդագրություններ են Messenger-ի հավելվածներով ուղարկված, որոնք թույլ են տալիս պնդելու՝ այս անձինք ողջ վիճակում գտնվել են ադրբեջանցիների իրավասության ներքո», - նշեց իրավապաշտպանը:

Հայկական կողմն, ընդհանուր առմամբ, 23 ռազմագերիների մասին դիմումներ է ուղարկել Եվրադատարան։ Զեյնալյանն ու Սահակյանը 15 ռազմագերու, իսկ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը 8 զինծառայողի վերաբերյալ դիմումներ է ուղարկել Ստրասբուրգ։

Մինչ Ադրբեջանը առաջիկա 4 օրվա ընթացվում տեղեկատվություն կհավաքի իր տարածքում հայտնված այս 6 ռազմագերիների մասին, հայկական կողմը հաղորդում է, որ իրեն չեն գոհացնում այս երկրի պատասխանները մյուս գերիների վերաբերյալ։ Ադրբեջանն առանց փաստարկների, առանց փաստաթղթավորված հիմքերի պատասխաններ է ուղարկել Եվրադատարան և խնդրել փակել այս գործը։ Հայաստանցի իրավապաշտպանները, սակայն, առարկություններ են ուղարկել ՄԻԵԴ՝ խնդրելով գործը թողնել բաց, որպեսզի կարողանան ուշադրության տակ պահել սահմանի մյուս կողմում հայտնված հայ զինծառայողների կյանքի և առողջության հարցերը։

Իր հերթին, անցած շաբաթ, ՄԻԵԴ-ը հաղորդեց, որ կասեցնում է գերիների հարցերով ներկայացված դիմումների քննությունը՝ տեղեկություն խնդրելով պատասխանող կողմերից իրենց տարածքում հայտնված ռազմագերների և գերիների մասին։

«Որպեսզի որոշում կայացնի հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Եվրոպական դատարանը գտել է, որ սակավ է ինֆորմացիան, նա կողմից ուզում է ինֆորմացիա, թեև մեր գանգատի ողջ առարկան, պահանջները, շարադրել է այդ հարցադրումներն ուղղելու որոշման մեջ և ուղարկել է ադրբեջանական կողմին: Ադրբեջանական կողմը գիտի մեր պահանջների մասին, և դրանք երբ որ շարադրված են, ըստ էության դրական պատասխանի դեպքում շատ մեծ հավանականությամբ նա պետք է նաև կատարի այդ պահանջները», - հայտնեց Զեյնալյանը:

Շաբաթներ առաջ պաշտոնական Բաքուն հրապարակել էր ռազմագերիներ Նարեկ Սարգսյանի և Արեգ Բարսեղյանի լուսանկարները հոսպիտալից։ Նրանց էին այցելել նաև հակամարտության գոտում մարդասիրական առաքելություն իրականացնող Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները, որոնց ջանքերով տղաները կարողացել էին տուն զանգահարել։ Այս երկու ռազմագերիներին Ադրբեջանը տեղափոխել է մեկուսարան, ինչը անթույլատրելի է, ավելի վաղ «Ազատությանն» ասել էր իրավապաշտպանը։

Զեյնալյանն ասաց՝ այժմ աշխատում են ադրբեջանական գերության մեջ հայտնված ռազմագերիների վերաբերյալ հիմնական գանգատ ներկայացնել ՄԻԵԴ՝ վերջնական նպատակը նրանց հայրենիք վերադարձնելն է։