Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) տարածած մամլո հաղորդագրությամբ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվորեն կիրառել պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված կամ ձերբակալված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմները։
Հայկական կողմը հայտնել է, որ Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա։ Հայտնի է նաև, որ հայկական կողմում երկու գերեվարված վարձկաններ կան, որոնք կալանավորվել են Հայաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության։
Ադրբեջանն իր ռազմագերիների մասին տեղեկություններ չի հաղորդում։
Ռազմագերիների հարցերով Ստրասբուրգ են դիմել Հայաստանի կառավարությունն ու հայաստանցի իրավապաշտպանները։
Հայաստանի կառավարությունը ընդդեմ Ադրբեջանի դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ 8 ռազմագերիների հարցերով։ Նրանք այն զինվորականներն են, որոնք ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում ընդդեմ Հայաստանի են խոսում։
Բացի այդ, 7 այլ ռազմագերիների հարցով դիմումներ են ուղարկել Ստրասբուրգ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը։
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի փոխանցմամբ, դատարանը որոշել է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը և պատասխանող կողմին՝ Ադրբեջանին հրավիրել է տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք նշված անձինք գերի են ընկել, եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում և արդյո՞ք նրանք ենթարկվել են բժշկական հետազոտության կամ բուժման:
ՄԻԵԴ-ը նշված դիմումները պահում է իր ուշադրության կենտրոնում,-ասված է Եվրադատարանի հաղորդագրությունում։
Մանրամասները տե՛ս այստեղ