Սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը հոսպիտալից տեղափոխվել են մեկուսարան, «Ազատությանը» հայտնեց նրանց գերությունից հետ վերադարձնելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմած իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Արդյոք ռազմագերիները պե՞տք է գտնվեն մեկուսարանններում, որտեղ քրեական հոդվածներով մեղադրվող անձինք են պահվում, իրավապաշտպան Զեյնալյանն ընդգծեց՝ ռազմագերիները Ժնևյան կոնվենցիաների պաշտպանության տակ գտնվող անձինք են, և այս դեպքում խախտվում է կոնվենցիայի էությունը։
«Նրանք չպետք է ունենան նույն կարգավիճակը, ինչ կարգավիճակ ունեն ձերբակալվածները, կալանավորվածները, բայց տվյալ դեպքում նրանց տեղափոխել են մեկուսարան: Այդ ռեժիմն ավելի համապատասխան է ձերբակալվածի, կալանավորվածի համար նախատեսված ռեժիմին, և այստեղ խնդիր կա», - ասաց Զեյնալյանը:
Ադրբեջանական կողմը հրապարակել էր հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանի ու Նարեկ Ամիրջանյանի լուսանկարները հոսպիտալում, այդ ընթացքում նրանց էին այցելել նաև հակամարտության գոտիներում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ռազմագերիները հնարավորություն էին ստացել զանգահարել տուն։ Նրանց հարցով Ստրասբուրգի դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել և հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը։ Իրավապաշտպանն ասում է, որ Ադրբեջանն արդեն պատասխաններ է ուղարկել ՄԻԵԴ և խնդրել փակել այս գործը։
«Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի մասով Ադրբեջանը Եվրոպական դատարանին առանց փաստարկների, առանց փաստաթղթավորված հիմքերի «պատասխաններ» է տվել և խնդրել է, որպեսզի փակվի գործը 39 կանոնով: Մենք պատրաստվում ենք շուտով պատասխան ուղարկել և պնդել՝ պետք է պահպանվի գործը բաց վիճակում և ներկայացնենք մեր փաստարկները», - նշեց Արտակ Զեյնալյանը:
Իրավապաշտպանի խոսքով, Ադրբեջանը պարտավոր էր Ստրասբուրգ ուղարկել ռազմագերիների առողջության և հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, ինչը չի արել։ Բացի այդ՝ քանի դեռ նրանք չեն վերադարձվել Հայաստան, այս գործը չպետք է փակվի, պնդում է Զեյնալյանը և ընդգծում՝ չկա ոչ մի երաշխիք, որ ադրբեջանական կողմը կարող է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։
Հայկական կողմը հայտնել է, որ Ադրբեջանում 17 ռազմագերի կա։
«Իհարկե, երաշխավորված չենք, որովհետև Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ տեղի ունեցել են բռնություններ, այդ թվում նաև նրանք սպանվել են, և դա հաստատված է Եվրոպական դատարանի վճռով, ուստի քանի դեռ նրանք չեն տեղափոխվել անվտանգ վայր, Ադրբեջանի իրավազորությունից դուրս չեն եկել, մենք ապահով զգալ չենք կարող: Հետևաբար պետք է պահպանենք վարույթը, հսկողությունը նրանց նկատմամբ, մինչև նրանք կվերադառնան հայրենիք», - ասաց Զեյնալյանը:
Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը ՄԻԵԴ են դիմել նաև ռազմագերիներ Ալբերտ Միքայելյանի, Էդիկ Տոնոյանի, Վալերա Հայրապետյանի, Արսեն Կարապետյանի և Նորիկ Առաքելյանի հարցերով։
Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն 4 ռազմագերու գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դրանց տրամադրման առավելագույն ժամկետ է սահմանվել նոյեմբերի 3-ը։
Իրավապաշտպանը կարևոր է համարում այս փուլում Ստրասբուրգի դատարանի հետ ակտիվ համագործակցությունը ռազմագերիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
«Եթե անձն իմանա, որ Հայաստանի Հանրապետությունում իրենց նկատմամբ կա այսպիսի վերաբերմունք, Եվրոպական դատարանը գործ է քննում, բաց գործ կա, ապա դա երաշխիք է, որ նրանք չեն կոտրվի, կամքը նրանց չի լքի և կիմանան, որ իրենք մերժված չեն և իրենցով հետաքրքրվում են, անորոշության մեջ չեն լինի: Սա նաև իրենց Եվրոպական դատարան դիմելու իրավունքի բովանդակության մաս ենք դիտարկում», - ասաց Զեյնալյանը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը ևս 8 հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունները ուղարկել է Ստրասբուրգ։ Իրավապաշտպանները զբաղվում են նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող քաղաքացիական անձի՝ Ազնիվ Բաղդասարյանի իրավունքների պաշտպանությամբ։ Նա պատերազմի առաջին օրերին համացանցում հայտնված տեսանյութում երևացող կինն է, որը բարի գալուստ էր մաղթել ադրբեջանցի զինվորներին։ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են նաև նրան։
«Քանի որ այցելել էր Կարմիր խաչը, և իրենից նամակ եկել է հարազատներին, հետևաբար մենք նրա մասով Եվրոպական դատարան չենք ուղարկել 39 կանոնով հրատապ միջոց կիրառելու դիմում: Մենք կքննարկենք առհասարակ իրավունքների պաշտպանության դիմում ներկայացնելու հարցը», - ընդգծեց իրավապաշտպանը:
Կողմերը ստույգ տեղեկատվություն չեն հաղորդում իրենց մոտ գտնվող ռազմագերիների թվի մասին։ Երեկ կողմերին հաջողվեց փոխհամաձայնության գալ, և հայկական կողմին փոխանցվեցին ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների աճյունները։