Ըստ Զոհրաբ Մնացականյանի, այժմ գերակա հարցերից է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ, հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հետ կապված աշխատանքները շարունակվում են։

Մնացականյանն այսօր Ազգային ժողովում էր մասնակցում էր գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկումներին։

«Վերիֆիկացիոն համակարգի ներդրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը։ Այդ առումով նույնպես այսօր աշխատանքները կատարվում են, և մեզ անհրաժեշտ է դրան հասնել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարարը։

Ըստ Մնացականյանի, այժմ դա գերակա հարցերից է, քանի որ Արդբեջանը, Թուրքիայի կողմից ուղղորդվելով, մինչև օրս խախտում է ձեռք բերված պայմանավորվածություննեը, սակայն դա չի նշանակում, որ զինադադար հաստատելու ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվի․ - «Դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ, և ոչ միայնակ, այլ նաև համանախագահների հետ միասին։ Հիմքում դրված են այն չորս կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ»։

Ինչ վերաբերում է Հայաստանին աջակցելու նպատակով Ռուսաստանի հետ խորհրդակցություններին, որոնք սկսելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ վկայակոչելով 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, ապա, Մնացականյանի փոխանցմամբ՝ «անհրաժեշտ աշխատանքները տարվում են այդ առումով»․ - «Ես առավել չեմ կարող ասել հիմա, բայց այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին և դրանից բխող գործառույթներին, ինչ որ անհրաժեշտ է, հիմա արվում է»։

Հարցին, թե արդյո՞ք միայն 1997 թվականի պայմանագիրն է քննարկվում, թե՞ այլ պայմանագրեր ևս, արտգործնախարարն արձագանքեց․ - «97 թվականի պայմանագիրը բազային պայմանագիրն է, որից բխում են նաև գործառույթներ, որոնք արտահայտված են այլ փաստաթղթերի մեջ»։

Հարցին, թե արդյոք պատրաստվում է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով նաև Հայաստանի տարածքի թիրախավորումը, Զոհրաբ Մնացականյանը կոնկրետ չպատասխանեց․ - «Մենք մեր քայլերը իրականացնում ենք այնպես, ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում, և ինչպես անհրաժեշտ ենք գտնում էֆեկտիվության, արագության առումով»։

Մինսկի խմբի երեք համանախագահների նախաձեռնությամբ կայացած հանդիպումներից հետո, որոնց պայմանավորվածություններն Ադրբեջանն այդպես էլ չպահեց, նոր հանդիպում ո՛չ արտգործնախարարների, ո՛չ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով դեռ չի նախատեսվում․ - «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ Փաշինյան – Ալիև հանդիպում այս պահին նախատեսված է։ Երբ որ կնախատեսվի, բնականաբար, կասնեք»։

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր պայքարում է Ադրբեջանի, Թուրքիայի և զինյալ ահաբեկիչների դեմ։ Վերջիններս շատ ավելի լուրջ վտանգ ու մարտահրավեր են ողջ տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար։ Այդ երևույթի դեմ հայկական կողմն աշխատում է նաև միջազգային համագործակցության միջոցով․ - «Ես չգիտեմ ինչով էին մտածում Բաքվում, երբ որ ներքաշում էին այդ զինյալներին պատերազմի մեջ, որովհետև դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից շատ-շատ ավելի դուրս։ Եվ սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որը առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկարդի Խաչատրյանի հարցին, թե դիվանագիտության վրա ավելի շատ գումար ծախսելու պարագայում հնարավո՞ր է, որ Հայաստանն այսօր ավելի շատ դաշնակիցներ ունենար, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց․ - «Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում»։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր ևս մեկ անգամ ընդգծում է հայկական կողմի դիրքորոշումը․ - «Արցախը, Լեռնային Ղարաբաղը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չունի։ Չի ունեցել ու չունի։ Նման իրավիճակը նշանակում է Արցախ՝ առանց հայերի։ Դա չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր»։