Ստեփանակերտի նստարաններից մեկին աշնանային արևը վայելելող Զաուր Դադայանի համար պայթյուններն արդեն սովորական են դարձել, բայց պատերազմի ձայնին, ասում է, հնարավոր չէ հարմարվել։
«Ազդում ա էլի, ինչքան էլ չլինի, մինա...մինա հաղթանակը մերն ա լինելու», - ասում է նա:
Դադայանի կինն ու թոռներն այժմ Երևանում են, որդին՝ Արցախում։ Ընդգծում է՝ հայրենի քաղաքը լքել չի ցանկանում. - «Ես եմ էստեղ, մին էլ տղաս»:
Ստեփանակերտում գործող խանութները հատուկենտ են, արցախցիներին նաև օգնություն են ուղարկում։
Քաղաքի փողոցներում անցորդները շատ քիչ են, նրանցից մեկը տեղի մանկական հիվանդանոցում աշխատող Լարիսա Սաֆարյանն է, կնոջ խոսքով՝ առևտուր անում են մեկ գործող խանութից. - «Չորս կողմից կրակում են, ոչ մեկը խուճապի չի մատնվում ու չի մատնվելու, մենք հաղթելու ենք: Հիմա մեր երեխեքը սաղ առաջնագծում են, մեր երեխեքը թողենք, ո՞ւր գնանք: Ոչ մեկը թող չկասկածի, որ Ղարաբաղը կարող է ղարաբաղցուց վերցնի»:
Թոշակառու Սլավա Հովսեփյանն էլ վստահեցնում է` իրենք կդիմանան, ջահելները պիտի լավ լինեն: Նրա որդիներն Արցախում են, դուստրը՝ Երևանում. - «Խփում են, սկի չեմ էլ բան անում, հա բա ինչ, էն մի կռիվն էլ ենք տեսել, սաղ էլ տեսել ենք»: