Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները հումանիտար իրավունքների հանդեպ և պաշտպանեն քաղաքացիներին: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացնող՝ համաշխարհային քրեական արդարադատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մորս Թանը, երեկ տեսակապով մասնակցելով Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին:
«Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն», - շեշտեց Թանը:
Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել կայուն հրադադար հաստատելու համար. - «Միացյալ Նահանգները կոչ է անում լուծել հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում»։
Հիշեցնենք, որ կողմերի միջև վերջին հրադադարի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ, որը, սակայն, նախորդ երկուսի նման չէր պահպանվել։
Մորս Թանի խոսքով՝ ԱՄՆ-ը մտահոգված է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճող թվերով, օբյեկտների թիրախավորմամբ։
Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծեց, որ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությունները պատասխանատու են քաղաքացիական անձանց և օբյեկտների թիրախավորման համար։
Տեղեկատվական շտաբում կայացած քննարկմանը մասնակցում էին Իսլանդիայի և Կանադայի խորհրդարանների պատգամավորներ և միջազգային իրավապաշտպան One free world international կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆին։ Օտտավայից քննարկմանը միացած կանադացի պատգամավոր Բոբ Սարոյան հայտնեց, որ Կանադայի սենատում Արցախի անկախության ճանաչման նախագիծ է ներկայացվել. - «Սա 2020 թվականն է, մարդիկ պետք է կարողանան որոշել իրենց ճակատագիրը»:
Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնը և կանադական Տորոնտոյում տեղակայված One free world international կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆին քննարկմանը մասնակցում էին Արցախի շտաբից, նրանք շրջել են Ստեփանակերտի փողոցներով, տեսել են ավերածությունները։ Մաջեդ Էլ Շաֆին իր ղեկավարած կազմակերպության անունից նույնպես կարևորեց արցախցիների ինքնորոշման իրավունքը. - «Ես այստեղ չեմ եկել քննարկելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ես չեմ հավատում որ ես կամ էլ աշխարհի ցանկացած կառավարություն կարող է որոշել Ղարաբաղի ժողովրդի ազատ կյանքով ապրելու դիրքորոշումը»։