«Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում կփորձի ամրապնդել մեծամասնությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան զրուցում է լրագրողների հետ ընտրատեղամասում քվեարկելուց հետո, Թբիլիսի, 31-ը հոկտեմբերի, 2020թ.

Վրաստանում իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», մտադիր է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել մեծամասնական բոլոր 16 ընտրատարածքներում և է՛լ ավելի ամրապնդել մեծամասնությունը:

Այդ մասին այսօր հայտարարել է վերլուծաբան, Թբիլիսիի պետական համալսարանի աշխատակից Արչիլ Սիխարուլիձեն:

«Բոլոր 16 ընտրատեղամասեում իշխող ուժը կփորձի հաղթել, բացառությունը, թերևս, Թբիլիսիում Գլդանիի ընտրատարածքն է, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածու Լևան Կոբիաշվիլին առաջին փուլում զիջել է մրցակից Նիկա Մելիային և երկրորդում կարող է պարտվել»,- ասել է վերլուծաբանը:

Վրաստանի օրենքների համաձայն, 150-տեղանոց խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար քաղաքական ուժը պետք է վաստակի առնվազն 76 մանդատ:

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն երեկ հայտարարել է, որ առաջին փուլից հետո կուսակցությունն արդեն ունի 76 մանդատ:

«Իշխող կուսակցությունը կարող է մանդատների թիվը հասցնել 91-ի, դա սահմանադրական մեծամասնություն չէ, սակայն բոլոր դեպքերում տպավորիչ թիվ է», - ասել է վերլուծաբան Սիխարուլիձեն:

Անցած շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում 120 տեղերի համար պայքարն ընթացել է համամասնական ընտրակարգով և 30 տեղերի համար՝ մեծամասնական:

Առաջին փուլից հետո «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 48 տոկոսը, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժումը» ստացել է քվեների ավելի քան 27 տոկոսը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: