Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, հայտնում է կառույցի խոսնակը

Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Այս պահի դրությամբ քարտուղարությունը հայկական կողմից օգնության որևէ դիմում չի ստացել», - ասել է նա։

Այս ամսվա սկզբին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կհատկացնի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող իրական սպառնալիքի, կամ՝ ուղիղ հարձակման դեպքում։

«Անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր կետ․ առաջին՝ եթե ի հայտ են գալիս ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական վտանգներ։ Երկրորդ դեպքն էլ ռազմական ագրեսիան է, որը դիտարկվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների դեմ», - շաբաթներ առաջ ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։