«Գերմանիան կարո՛ղ է և պե՛տք է ավելին անի». Բունդեսթագը հատուկ Ղարաբաղի հարցով նիստ է հրավիրել

Գերմանիայի խորհրդարանի նիստ, արխիվ

Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը, երեկ հայտարարեց դաշնային հանրապետության արտգործնախարար Հեյկո Մաասը Բունդեսթագում՝ հատուկ ղարաբաղյան հարցի շուրջ հրավիրված նիստում։

«Մեր առաջնային նպատակներից է կրակի դադարեցումը՝ առանց նախապայմանների, և դա ոչ միայն մեր պահանջն է, այլև միջազգային հանրության», - փաստեց Եվրամիության առաջատար երկրի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ Բեռլինն այդ ուղերձը փոխանցում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Թուրքիայի իշխանություններին։

«Մեզ այլ բան չի մնում, քան ուժեղացնել միջազգային ճնշումը բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք հասկանան, որ միջազգային հանրությունը չի ընդունելու այս խնդրի ռազմական լուծումը։ Որևէ մեկը չի կարող բանակցային սեղանի շուրջ իր դիրքերն ամրապնդել ռազմական հաջողությունների հաշվին։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է հասկանան ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ մյուս դերակատարները։ Եվ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է գիտակցի իր պատասխանատվությունը՝ հակամարտության խաղաղ լուծումը գտնելու հարցում», - շեշտեց Գերմանիայի արտգործնախարարը:

Մաասը տեղեկացրեց, որ հակամարտող կողմերին ուղղված այդ հորդորներից բացի, դաշնային կառավարությունը նաև ֆինանսական օգնություն է տրամադրել՝ 2 միլիոն եվրո՝ պատերազմից տուժածների համար։

Մինչդեռ պատգամավորները, այդ թվում՝ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության անդամները, պնդում էին՝ Գերմանիան կարո՛ղ է և պե՛տք է ավելին անի։

«Սա պատերազմ է Եվրոպայում, և մենք չենք կարող լոկ հանդիսատեսի դեր ստանձնել», - հայտարարեց կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Յոհան Վադեփհուլը՝ պասիվության մեջ մեղադրելով նաև Եվրահանձնաժողովի նախագահին ու Եվրամիության արտգործնախարարին։ - «Մենք պետք է շատ հստակ ուղերձ հղենք Ադրբեջանին, քանի որ կասկած չկա, որ Բաքուն է այս ագրեսիան սկսել։ Մենք պետք է պահանջենք Ադրբեջանից անմիջապես հրադադարի պատրաստակամություն ցուցաբերել և վերադառնալ բանակցությունների: Այն, որ Ադրբեջանը հիմա ռազմական կարողության առումով ավելի բարենպաստ վիճակում է, չի նշանակում, որ պետք է չարաշահի դա: Ադրբեջանը պիտի իմանա, որ կկորցնի ԵՄ-ի ցանկացած աջակցություն, եթե չվերադառնա բանակցային սեղան»:

Ընդդիմադիր Ձախերի խմբակցության պատգամավոր Գրեգոր Գիզիին ընդգծեց՝ միազգային համայնքը չի կարող զուտ հայտարարություններով սահմանափակվել, քանի դեռ Ղարաբաղի բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին, պատերազմն էլ ուղեկցվում է ռազմական հանցագործություններով. - «Ես մի տեսանյութ եմ տեսել, որտեղ պատկերված էր՝ ինչպես են սպանվում կապկպված երկու հայ ռազմագերիները։ Անկախ կազմակերպությունները հաստատել են այս տեսանյութի հավաստիությունը, և սա շատ լուրջ պատերազմական հանցագործություն է։ Մենք չենք կարող նման դեպքերում չեզոք դեր ստանձնել, Գերմանիան պետք է իրերը կոչի իրենց անուններով և հստակ գնահատական տա նաև Թուրքիայի հրահրիչ քայլերին»։

Հասցեական գնահատական ու կոնկրետ քայլեր՝ այս պահանջը պատգամավորներից շատերն էին դնում, ընդ որում, ոչ միայն Գերմանիայի իշխանությունների, այլև Երամիության ղեկավարների առջև։ «Ղարաբաղյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ մենք ձեռքերս ծալած նստում ենք, և թույլ ենք տալիս, որ ստեղծված վակուումն օգտագործեն մյուս պետությունները, որոնք ամենևին էլ շահագրգռված չեն խաղաղությամբ ու կայունությամբ», - հայտարարեց Կանաչների ներկայացուցիչ Մանուել Սարազինը:

«Եվրոպան տարիներ շարունակ պարզապես քնած էր Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Ժամանակն է արթնանալ և պատասխանատվություն ստանձնել։ Գերմանիայի կառավարությունն ու մեր եվրոպացի դաշնակիցները պետք է այս պատերազմից համապատասխան դասեր քաղեն ու վերանայեն մեր արտաքին քաղաքականությունը՝ անվտանգության հարցում ստանձնած հանձնառությանը համապատասխան։ Եթե այս պատերազմը չդադարեցվի, Ղարաբաղին սպասում է մարդասիրական աղետ», - նշեց Սարազինը։

Նույնը պնդեց «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պատգամավոր Շտեֆան Կոտրեն՝ մեկն այն գերմանացի պատգամավորներից, որ շաբաթներ առաջ այցելել էր Ղարաբաղ ու սեփական աչքերով տեսել տեղում ստեղծված իրավիճակը։ «Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ կլաստերային ռումբերով ու վարձկաններով հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակչության դեմ», - պատմեց գերմանացի օրենսդիրը, ընդգծելով՝ հայերը ստիպված են ինքնապաշտպանության դիմել։

Տարածաշրջանից վերադարձած, և պատերազմական գործողություններն անձամբ տեսած գերմանացի պատգամավորը փաստեց՝ ելույթների ժամանակը վաղուց անցել է, այսօրվա հրամայականն է գործի անցնել։ «Դաշնային կառավարությունը պետք է բոլոր մակարդակներում դադարեցնի աջակցությունը Թուրքիային, սառեցնի զենք-զինամթերքի մատակարարումներն ու պատժամիջոցներ սահմանի», - հայտարարեց նա, հավելելով,-«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին, որտեղ Հայաստանն անելիք չունի»,։

Ի դեպ, Ելույթ ունեցողներից շատերն էին զուգահեռներ տանում 1915-ի և այսօրվա միջև: «Այն ժամանակ Գերմանիան լռեց, հիմա չպետք է աչք փակենք անարդարության վրա, ու թույլ տանք, որ պատմությունը կրկնվի», - պնդեց իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդը։

Պատգամավորները միաժամանակ նշում էին, որ Հայաստանի հեղափոխական կառավարությունից ու վարչապետից ակնկալիքները մեծ են եղել, ցավոք, սակայն, անցած 2,5 տարում խնդրի շուրջ «կառուցողական ու բովանդակալից բանակցություններ չեն վարվել»։