Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը․ ըստ Կրեմլի, զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել չդադարող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների առավել ընդգրկուն ներգրավվածության առնչությամբ»,- հաղորդում է Կրեմլը։
Պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, չի մանրամասնում՝ ինչպես է Էրդողանն արձագանքել ռուս գործընկերոջ այդ մտահոգություններին։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ իր շփումների, ինչպես նաև հնարավորինս արագ հրադադարի հասնելու և ճգնաժամը թուլացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- ասված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սա ղարաբաղյան խնդրի շուրջ երկու երկրների նախագահների արդեն երկրորդ հեռախոսազրույցն էր՝ Ղարաբաղում ուղիղ մեկ ամիս շարունակվող պատերազմից ի վեր։
Այսօր ավելի վաղ ղարաբաղյան խնդիրը քննարկել էին նաև Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները։ Մոսկվան հաղորդել էր, թե և՛ Սերգեյ Լավրովը, և՛ Մևլութ Չավուշօղլուն կարևորել են կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի արտգործնախարարը ևս թուրք գործընկերոջ հետ զրույցում խոսել է հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին․ «Հատուկ շեշտվել է ճգնաժամը չմիջազգայնացնելու անթույլատրելիությունը՝ դրանում օտարերկրյա գրոհայինների չներգրավելու հաշվին»,- հայտարարել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Շաբաթներ առաջ էլ այդ մասին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, պնդելով, թե Փարիզն ունի համապատասխան ապացույցներ։ Պաշտոնական Անկարան ու Բաքուն, մինչդեռ, կտրականապես հերքում են միջազգային համայնքից ու հայկական կողմից հնչող այդ մեղադրանքները։