Մատչելիության հղումներ

Մակրոն․ «Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր»


Լիտվա - Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում Վիլնյուսի համալսարանում, 29-ը սեպտեմբերի, 2020թ.
Լիտվա - Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում Վիլնյուսի համալսարանում, 29-ը սեպտեմբերի, 2020թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել Լեռնային Ղարաբաղը։

«Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», - Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով նաև, որ Անկարայի նման պահվածքն «անընդունելի է»։

Դրա հետ մեկտեղ, Էմանյուել Մակրոնը նշել է, որ ռազմական գործողություններում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չունի։

Լատվիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ Մակրոնը նաև անդրադարձել է պատերազմական գործողությունների մեկնարկին: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը նշել է. - «Քանի որ արդեն պարզվել է, որ հրետակոծությունն իրականացվել է Արբեջանի կողմից, ես պահանջեցի, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի, և հստակորեն դատապարտեցի այդ քայլը: Այդ գործողությունները մենք անհամաչափ ենք դիտարկում՝ չնայած այն իրողությանը, որ սահմանին և ողջ տարածաշրջանում բախումներ էլի էին եղել: Մենք գիտենք, թե ինչ էր կատարվում հուլիս ամսից, բայց և այնպես, ես շարունակում եմ զգուշավորությամբ անդրադառնալ խնդրին: Կիրակի օրը պարզվել է, որ հարվածը հասցվել էր Ադրբեջանի կողմից»:

Ռիգայում կայացած ասուլիսի ընթացքում Էմանյուել Մակրոնը դիմել է հայերին. - «Ես ասում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան դերակատարություն ունենալու է»:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ պատրաստվում է այսօր երեկոյան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վաղն արդեն, ըստ Ֆրանսիայի ղեկավարի, նա այդ թեման քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

XS
SM
MD
LG