Միջազգային մամուլը` ղարաբաղյան պատերազմի մասին

The Times of Israel պարբերականի փոխանցմամբ, Իսրայելի զինագործները ռուսական բանկի խողովակով մեծ գումարներ են փոխանցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին:

Բանկային կասկածելի տրանսակցիաների (փոխանցումների) մասին տեղեկությունները հայտնաբերվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հետաքննությունների վարչության փաստաթղթերում, որոնք արտահոսքի միջոցով մատչելի են դարձել վերլուծական տարբեր կենտրոնների, այդ թվում` Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համար:

The Times of Israel-ը հաղորդում է, որ մարտական և հետախուզական նշանակության գերարդիական անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելյան ամենախոշոր ընկերությունը՝ Israel Aerospace Industries-ը, 2012-14 թվականների ընթացքում առնվազն 155 միլիոն դոլար է փոխանցել գաղտնի գործառույթներ իրականացնող երկու ընկերություններին, որոնք ապահովում են Ադրբեջանի վերնախավի շահերը:

Այս տարվա հոկտեմբերի 5-ին էլ հետաքննող լրագրողների ռուսական կառույցներից «Կարևոր պատմություններ» անվամբ կայքը հաղորդել է, որ իսրայելյան ևս մեկ ազդեցիկ ընկերություն՝ Israel Military Industries-ը, որն արտադրում է փոքր ամենագնացներ, ատրճանակներ, ինքնաձիգեր, շարժական նռնակա և հրթիռանետեր, զինամթերք ու պայթուցիկներ, 2017 թվականին մոտ 5 միլիոն դոլար է գաղտնի եղանակով փոխանցել վերոհիշյալ ֆինանսական հաստատություններին:

Ուշագրավ է, որ այդ երկու օֆշորային ֆինանսական կառույցների սպասարկումն իրականացնում է «Միջազգային ֆինանսական ակումբ» անվամբ ռուսական բանկը, որը մասամբ պատկանում է սպառազեն ստեղծող, արտադրող և ավելի քան 70 պետություններ այն արտահանող «Ռոստեխի» (մինչև 2014 թվականը կիրառվել է «Ռոստեխնոլոգիաներ» անունը) ղեկավար Սերգեյ Չեմեզովի տիկնոջը՝ Եկատերինա Իգնատովային: Նրա մասնաբաժինը 6 և կես տոկոս է:

The Times of Israel-ը նշում է, որ Չեմեզովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է և ԱՄՆ պատկան իշխանությունների վճռով հայտնվել է պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ցուցակում:

«Այլ կերպ ասած` այդ անձվավորության կնոջը մասամբ պատկանող բանկն առանցքային դեր է կատարում Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարների շահերը սպասարկող օֆշորային ընկերությունների մութ գործարքներում»,- գրում է The Times of Israel-ը:

Ո՞ր ընկերությունների մասին է խոսքը՝ մեկի անունն է Jetfield Network, այն գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում և սպասարկվում է Միջազգային ֆինանսական ակումբ ռուսական բանկի կողմից: Ի դեպ, դրա բաժնեթղթերի հիմնական մասը՝ մոտ 48 տոկոսը, պատկանում է ռուսաստանցի գործարար Միխայիլ Պրոխորովին:

Jetfield Network-ը հիմնադրվել է 2009 թվականին Նոր Զելանդիայում, ապա 2012-ին գրանցվել է Մարշալյան կղզիներում: Այն ներկայացել է որպես «առևտրային միություն», բայց հետագայում հայտնել է, թե իր պրոֆիլը «խորհրդատվական ծառայություն է»:

Ընկերության շահառուն ոմն Ջավիդ Հուսեյնովն է` 1961 թվականին ծնված ադրբեջանցի, ով նաև Էստոնիայում գրանցված Larkstone Ltd ընկերության շահառուն է:

Այդ մասին է հաղորդում Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի իսրայելյան գործընկերը՝ Մեդիայի և դեմոկրատիայի կենտրոնը:

Իսրայելցի լրագրող Ուրի Բլաուն չի բացառում, որ Հուսեյնովը գուցեև նշված օֆշորային ընկերությունների սոսկ նոմինալ շահառուն է և գործառույթների հետ անմիջական առնչություն չունի:

Ադրբեջանը և Israel Aerospace Industries-ը 2012 թվականին կնքել են 1 միլիարդ 600 միլիոն դոլարի պայմանագիր և զարմանալի զուգադիպությամբ դրանից քիչ ժամանակ անց՝ 2012-14 թվականներին, Jetfield-ը և Larkstone-նը Israel Aerospace Industries-ից ստացել են ավելի քան 150 միլիոն դոլար:

2016-17 թվականներին Israel Aerospace Industries-ը 2 միլիոն 800 հազար դոլար էլ վճարել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Bakinshaat Group ընկերությանը, որը պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի կառավարությունից ստանում է շինարարական աշխատանքների պատվերներ:

Այդ ֆինանսական երեք ընկերությունների՝ Jetfield-ի, Larkstone-ի և Bakinshaat-ի գործառույթները սպասարկում է «Միջազգային ֆինանսական ակումբ» ռուսական բանկը (Международный финансовый клуб):

Իսրայելում ռազմական աջակցությունն Ադրբեջանին քննադատողներն ասում են, որ այդ երկիրը, փաստորեն, սպասարկում է հարևան դեմոկրատական երկրի վրա հարձակված դիկտատորական ռեժիմի շահերը:

«Եթե ադրբեջանական բանակը գրավի Ղարաբաղը, միայն հրաշքը հայերին կփրկի կոտորածից»,- անցած շաբաթ հայտարարել է ակտիվիստ Էլիա Յոսեֆը, ով պահանջում է անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումն Ալիևին:

Մինչդեռ, Ադրբեջանին իսրայելյան զենքի վաճառքի աջակիցները պնդում են, որ Ադրբեջանն Իսրայելի ոխերիմ թշնամի Իրանի անմիջական հարևանն է և, ըստ որոշ տեղեկությունների, համաձայնել է իրանա-իսրայելան հնարավոր կոնֆլիկտի դեպքում օդակայաններ տրամադրել Իսրայելին: