Արցախի գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` որպես կանոն փոքր խմբեր են մոտենում` թեթև սպառազինությամբ. - «Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել, և այս ուղղությամբ կարծես 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»:
Հովհաննիսյանն ասաց, որ դաշտավայրերից հետո «Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական խմբերի հրոսակախմբերը և այլք», փորձում են զարգացում ապահովել նաև լեռնային բարդ տեղանքում, որտեղ այնքան էլ հեշտ դա չի հաջողվում, և մարտավարական ավելի դժվար պայքար է ընթանում:
«Երեկ ինչպես ներկայացրի, հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումն այս պահի դրությամբ ունի հետևյալ տեսքը` ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր` հաջողության չեն հասել», - ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հովհաննիսյանը` հավելելով, որ պատերազմի բնույթը որոշակի փոխվել է:
«Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել, բայց այս պայքարը, այս պատերազմը որոշակի բարդություն ունի: Հակառակորդն այլևս կորցրել է իր ահռելի քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը», նշեց ՊՆ ներկայացուցիչը: