Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի հովանու ներքո հատուկ ենթահանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի Արցախում շարունակվող պատերազմի ֆոնին Թուրքիայի հայ քաղաքացիների հանդիպած դժվարություններն ու գրանցված իրավախախտումները:
«Ակօս» պարբերականի հաղորդմամբ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Հաքան Չավուշօղլուի նախագահությամբ և խորհրդարանական հինգ կուսակցությունները ներկայացնող պատգամավորների անդամությամբ հանձնաժողովը այսօր առավոտյան այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ Մաշալյանին և հոգևոր այրերին: Հանդիպման ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում բորբոքված Թուրքիայի հայության նկատմամբ թշնամանքի ու ատելության տրամադրությունների վրա:
Մաշալյանը բարձր է գնահատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայ համայնքի հասցեին արած հայտարարությունները: Պատրիարքարանից հետո հանձնաժողովը հանդիպել է Մալաթիայի հայերի միության ղեկավարներից Խոսրով Քյոլեդավիթօղլուի հետ: Պատգամավորները այցելել են նաև Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց և «Լույս» հեռուստաալիք:
Հոկտեմբերի 13-ին ձևավորված ենթահանձնաժողովի նպատակն է քննել խտրականության դրսևորումներն ու հետևել Թուրքիայի հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: