Մատչելիության հղումներ

Թուրքիայում ուժեղացրել են հայկական հաստատությունների հսկողությունը


«Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, 17 հոկտեմբերի, 2020թ.
«Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, 17 հոկտեմբերի, 2020թ.

Լեռնային Ղարաբաղում ավելի քան 20 օր ընթացող ռազմական գործողություններին մտահոգությամբ հետևում է նաև Թուրքիայի հայ համայնքը: Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին և թուրքական մամուլի հակահայ քարոզչությունն էլ ավելի է բորբոքել ազգայնական կրքերն ընդդեմ հայերի:

Ռազմական գործողությունների առաջին օրերին ադրբեջանական դրոշներով ավտոերթ էր անցկացվել Ստամբուլի Քումքափը թաղամասում, որտեղ գտնվում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Նման ավտոշարասյուն անցել էր նաև հայաշատ Քուրթուլուշ թաղամասի հարակից պողոտայով՝ «Ակօսի» նախկին խմբագրատան մոտով, որտեղ սպանվել էր Հրանտ Դինքը։ Թուրքիայի տարբեր քաղաքներում Ադրբեջանին սատարող բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել, իսկ սոցիալական մեդիան ողողված է հայերի նկատմամբ ատելության խոսքով:

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով` այս մթնոլորտից բխող հավանական վտանգները պետությունը հաշվի է առել և քայլեր ձեռնարկել. իշխանությունները ուժեղացրել են հայկական հաստատությունների հսկողությունը: «Թուրքիայի մեջ խնդիրը ներկայացվեց ոչ միայն ղարաբաղյան հակամարտություն, այլև հայ-թուրքական հակամարտություն, հայ-ադրբեջանական հակամարտություն: Մենք էլ` որպես հայեր, մեր բաժինն արդեն արեցինք այդ հայատյաց քարոզչության հետ կապված: Եվ կարծեմ, թե այս մտահոգությունը բոլորովին անհիմն չէ, քանի որ իշխանություններն էլ, այսինքն` Թուրքիայի կառավարությունն էլ մտահոգված է մեր անվտանգությամբ, այս օրերին Պոլսո բոլոր հայկական եկեղեցիներում կամ հայկական դպրոցների մուտքի մոտ հատուկ ոստիկաններ հերթապահություն են անում, պահակազորեր կան այնտեղ, որտեսզի անբաղձալի դեպք չպատահի հանկարծ», - ասում է նա:

Էստուկյանը պատմում է` 90-ականների պատերազմի ժամանակ հայ համայնքում տրամադրությունն այլ էր, Թուրքիան այսչափ ներգրավված չէր գործընթացում, մամուլի անդրադարձն էլ հպանցիկ էր: Պոլսահայության հույզերն էլ ավելի քիչ էին, քանի որ կապը Հայաստանի հետ այսօրվա նման սերտ չէր. - «90-ականների գլխավոր տարբերությունն այն էր, որ այդ թվականին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ, պատերազմի ժամանակ Թուրքիան կողմ չէր հանդիսանում, և Թուրքիայի տպագիր մամուլը փոքր-ինչ հարևանցի ակնարկով կդիտեր պատահածը: Առաջին օրերին, որ խնդիրը ծագել էր Ադրբեջանի հարձակողականությամբ, զինյալ միջամտությամբ Ղարաբաղի ինքնիշխանության դեմ, թերթերի մեջ շատ փոքր տեղ էին գրավում Ադրբեջանի առաջխաղացումները, կարճ լուրեր էին և ասում էին, որ ադրբեջանցիները 2 գյուղ ևս գրավեցին, 3 գյուղ ևս գրավեցին, ձգտում են ամբողջ Ղարաբաղն իրենց իշխանության տակ առնել»:

Էստուկյանը նշում է՝ չնայած համայնքում վախի ու տագնապի մթնոլորտ չկա, այնուհանդերձ մարդիկ Թուրքիայի ապագան մութ են տեսնում. - «Ընդհանուր առմամբ վախի ու սարսափի մթնոլորտ գոյություն չունի: Հետևում են, անշուշտ մտահոգ են պատահածներով, բայց այդ մտահոգությունը տակավին պանիկայի երևույթ չէ, վախ ու սարսափ չէ, իսկ արտագաղթի մասին արդեն այս դեպքերից առաջ կար նման ընթացք, որովհետև մարդիկ հետզհետե ընդհանրապես մտահոգվում են Թուրքիայի ապագայով, Թուրքիայի ապագան մութ են տեսնում, մանավանդ կառավարության գործադրած հակաժողովրդավարական քաղաքականության դրմամբ»:

Թուրքիայի մշուշոտ ապագայի մասին օրերս “New York Times” պարբերականում գրել էր թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: «Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներում բորբոքել է ազգայնական կրքերը, սահմանափակել խաղաղության և ժողովրդավարության ջատագովների գործունեությունը և փոքրամասնությունների շրջանում խորացրել վախի ու անապահովության զգացումը»,- գրել էր Փայլանը:

XS
SM
MD
LG