Մատչելիության հղումներ

Էրդողանն այցելել է Հայոց պատրիարքարան, մասնակցել հայազգի պատգամավորի հոգեհանգստին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կնոջ հետ, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կնոջ հետ, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր մասնակցել է օրերս կյանքից հեռացած «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությանը:

Կեսօրից հետո Էրդողանը կնոջ հետ միասին ժամանել է Պոլսո Հայոց պատրիարքարան, ապա ներկա գտնվել հոգեհանգստի կարգին Սուրբ Աստվածածնի Մայր եկեղեցում:

Բացի նախագահից, հոգեհանգստին մասնակցել են նաև քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ:

Արարողությունից հետո Եսայանի աճյունը ամփոփվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը:

51-ամյա նախկին լրագրող, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերից 2018 թվականից ի վեր պատգամավորի հանդիսացող Մարգար Եսայանը վախճանվել է անցած շաբաթ երկարատև քաղցկեղի հետևանքով: Նրա մահվան լուրը իր թվիթերյան էջում հայտնել էր նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG