Հայկական կողմը պնդում է՝ հրադադարի ռեժիմը խախտվել է նաև խաղաղ բնակավայրերում

Հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը, այս անգամ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված, ևս չպահպանվեց։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ընդհուպ մինչև խաղաղ բնակավայրերում, ինչի հետևանքով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում «Սմերչ»-ի հարվածների հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 2 խաղաղ բնակիչ։

Հայկական կողմի պաշտոնական աղբյուները փոխանցում են՝ այսօր տեղական ժամանակով՝ 08:00-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ 09:10-ի սահմաններում թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Մարտունի քաղաքի ուղղությամբ կիրառվել է ռազմական ավիացիա։

Ավելի ուշ՝ 13:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի փոխանցմամբ, Ադրբեջանը նաև «Սմերչ» համակարգից հրթիռ է արձակել Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Երեկոյան արդեն պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»։

Իսկ հայկական կողմը հրադադարի առաջին ժամերին հայտարարել էր, որ շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, մասնավորապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառում էր կատարել. «Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարն ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»:

Ադրբեջանը հրադադարի պայմանավորված ժամից էլ առաջ էր հայտարարել, թե հայկական կողմը խախտել է հրադադարը հարավային ուղղությամբ՝ հրետակոծելով ադրբեջանական դիրքերը։ Տեղեկությունը հերքել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, շեշտելով՝ Ադրբեջանի մեղադրանքները ունեն սադրիչ բնույթ:

«Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ: Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը», - նշել է Ստեփանյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ասում է՝ Արցախը հրադադարի մասին պայմանավորվածությունից ժամեր անց հաստատել է փոխադարձ հիմունքներով այն պահպանելու իր պատրաստակամությունը և պահել է այն: Գերտերությունները շատ լավ տեղյակ են, թե որ կողմն է խախտել հրադադարը և չպետք է դա անհետևանք թողնեն, ասում է Պողոսյանը:

«Հայկական կողմը բավականին երկար ժամանակ պահպանել է ձեռք բերված պայմանավորվածությունը հակառակ հակառակորդի կողմից իրականացվող հրետակոծություններին, հայկական կողմը չի պատասխանում, մենք միայն պատասխանել ենք դիվերսիոն գործողություններին հակազդելով: Բարեբախտաբար, այսօր բոլոր գերտերությունները ունեն բոլոր հնարավորությունները նաև իրենց դիտարկման միջոցներով այդ ամենը հաստատելու համար», - նշեց նա:

Հրադադարի նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ, որոնք ևս չեն պահվել։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է՝ բոլոր այս միջնորդությունների տապալումը նշանակում է, որ այս երկրները որևէ լծակ չունեն թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։

«Եթե ժամանակին Թուրքիան իր գործողությունների համար պատժվեր, բանականաբար, այսօր միջազգային հանրությունը նման խնդիրների առջև չէր կանգնի, բայց Թուրքիան չպատժվեց ո՛չ Իրաքի տարածք ներխուժելու համար, ո՛չ Սիրիայում ցեղասպանություն կատարելու համար, ո՛չ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ նավթ գնելու և վաճառելու համար, ո՛չ Լիբիայում գործողությունների համար, ո՛չ Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ քաղաքացիներին ծեծելու համար», - ասաց Սարգսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Ավելին, Փաշինյանը գտնում է, որ համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը Ռուսաստանի շուրջ:

«Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղաղարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար», - ասել է վարչապետը: