Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր Ստեփանակերտից «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ հրադադարի պահպանումը թույլ կտա խնդիրը վերստին տեղափոխել դիվանագիտական հարթություն․ - «Այս պահի դրությամբ ամենակարևորն է, որ այս հրադադարի ռեժիմը պահպանվի։ Որովհետև փաստորեն երեք համանախագահող երկրները մեծ ջանքեր են գործադրել, մասնավորապես Ռուսաստանը, ԱՄՆ-ը, որպեսզի այս զինադադարը հաստատվի։ Այս երրորդ զինադադարը, որի համաձայնությունը եղավ երեկ, այսօր առավոտյան 8-ից արդեն մտավ ուժի մեջ, պետք է նաև պահպանվի։ Հիմա կտեսնենք ինչ ձևով է դա տեղի ունենում։ Սպասել Ժնևի հանդիպումից, իմ կարծիքով, մեծ բեկում, դեռևս վաղաժամ է, բայց կարող է հիմք դրվել հետագա բանակցությունների համար»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամեր առաջ տարածած հայտարարության համաձայն, Վաշինգտոնում ղարաբաղյան հարցով տեղի ունեցած բանակցություններից հետո համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում, հասնել համաձայնության և ժամանակացույցով, որը դեռ պետք է ընդունվի, սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացը՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար ընդունելի հիմնարար սկզբունքների:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, բանակցությունների ելքի վրա մեծապես ազդելու է ռազմաճակատում առկա իրավիճակը․ - «Որքան հայտնի է, Ժնևում քննարկվելու է հրադադարի վերահսկման մեխանիզմների հարցը։ Կարծես թե դա է լինելու հիմնականը։ Այդ մեխանիզմների հարցում, երևի թե, նվազագույնը պետք է պնդել 1994 թվականի հրադադարի համաձայնագրին վերադառնալու հանգամանքը։ Որքանով է դա իրատեսական՝ այլ հարց է, բայց, կարծում եմ, հայկական կողմը այս առումով պետք է բավական կոշտ դնի իր նշաձողերը, առավելագույնս դնի իր նշաձողերը՝ անհրաժեշտ նվազագույնները հետապնդելու և սահմանելու համար։ Իրավիճակը իհարկե չափազանց բարդ է, և էս առումով, կարծում եմ, հայկական կողմի համար նվազագույն խնդիրը հենց դա է՝ շատ հստակ սահմանել հրադադարի վերահսկման մեխանիզմները»։
Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ հայկական կողմերի համար կան կարմիր գծեր․ - «Կարմիր գիծը շատ պարզ է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա նշանակում է և՛ համապատասխան կարգավիճակը, և՛ անվտանգության երաշխիքներ»։
Հակոբ Բադալյանի խոսքով ևս, Հայաստանի համար կարմիր գիծը Արցախի կարգավիճակի հարցն է․ - «Եթե մենք խոսում ենք ընդհանրապես քաղաքական բովանդակության տեսանկյունից, ապա այստեղ շատ հստակ է, որ հայկական կողմը չպետք է նահանջի կարգավիճակից։ Այսինքն՝ Արցախի ճանաչման և այդ օրակարգ բերվող «անջատում հանուն փրկության» տրամաբանությունը պետք է լինի մեր կարմիր գիծը, որից նահանջը պետք է լինի անթույլատրելի քաղաքական իմաստով։ Մնացյալ առումով կարմիր գծերը, ես կարծում եմ, որ գծվում են ռազմաճակատում, և ռազմաճակատում մեր հաջողություններն են պայմանավորելու, թե մենք քաղաքական առումով ինչպիսի նշաձողեր կարող ենք դնել մեր առաջ և փորձել հասնել այդ նշաձողերին»։