Ռուսաստանը որոշում կկայացնի՝ ելնելով տարածաշրջանում իր շահերից, նշում է քաղաքագետը

Մի քանի օր առաջ Արցախի նախագահը բաց նամակով դիմեց Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանա – ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարին, չի կարծում, թե Ռուսաստանը նշանակություն կտա նամակներին: Մոսկվան որոշում կկայացնի իր շահերից ելնելով, ասում է Իսկանդարյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Խնդրում եմ Արայիկ Հարությունյանի նամակը մեկնաբանեք: Այ, ի՞նչ նշանակություն... Առաջին անգամ ենք մենք տեսնում, որ Ղարաբաղի ղեկավարը ուղիղ դիմում է Ռուսաստանի նախագահին, ըստ էության՝ օգնության կոչով: Փաստորեն, հրավիրում է Ռուսաստանին՝ գալ և միջնորդել և օգնել Ղարաբաղին: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել, ի՞նչ իմաստ ուներ սա՝ խորհրդանշական նամա՞կ էր սա պարզապես. թե՞ այլ իմաստ ուներ, այլ բովանդակություն ուներ:

Ալեքսանդր Իսկանդարյան. – Երկու բան կասեմ, Հրայր: Մեկը այն է, որ դե ես ծեր մարդ եմ, Դուք էլ արդեն պատանի չեք, դա առաջին անգամ չէ: Ես հիշում եմ, որ 80-ականների վերջին ամեն ինչ սկսվեց նրանից, որ ղարաբաղցիները դիմեցին Մոսկվա, և շատ են դիմել՝ անթիվ ու անհամար նամակներով: Ես այն ժամանակ ապրում էի Մոսկվայում և հիշում եմ, թե ինչպես էր այդ ամենը տեղի ունենում, ինչ-որ բան պարզապես իմ միջով էր անցնում:

Այն գաղափարը, որ «պետք է տեղեկատվություն հասցնել Մոսկվային, և Մոսկվան ձեր կողմը կկանգնի և կլուծի այս խնդիրը», հակամարտության հենց սկզբից էլ եղել է՝ սկսած 1988-ի փետրվարի 20-ից, եթե ոչ ավելի վաղ, և դա, անշուշտ, բավականին բնական էր:

30 տարի անց, դե, երբեմն դա պատահում է, երբ իրավիճակը շատ բարենպաստ չի թվում, իսկ Ղարաբաղից այն բարենպաստ չի կարող երևալ, պարոն Հարությունյանն այնտեղ է ապրում և տեսնում է այն ամենը, ինչ տեղի է ունենում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը և նրա պահվածքին, ապա ես չեմ կարծում, որ Ռուսաստանը որոշում է, թե ինչպես է իրեն պահելու այս հակամարտությունում, չեմ կարծում, որ մեծ նշանակություն կտա որոշ նամակների, կոչերի, որոնք գալիս են տարածաշրջանի քաղաքական գործիչներից: Չէ՞ որ դրանք գալիս են ոչ միայն պարոն Հարությունյանից, այլ նաև ճանաչված երկրներից, որոնք ճանաչված են նրա կողմից, այսինքն՝ և՛ Երևանից, և՛ Բաքվից, ակնհայտ է, որ Թուրքիայից մշտական կապ կա, մենք պարզապես դա չգիտենք: Հետևաբար՝ այն որոշումները, որոնք Ռուսաստանը կկայացնի, նա կկայացնի՝ ելնելով տարածաշրջանում իր շահերից, և ոչ թե ինչ-որ այլ հանգամանքներից:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.