Վիճակն օրհասական է, մոտ 450 մարդ հերթի մեջ բուժման է սպասում, ահազանգում է Արսեն Թորոսյանը

Ունենք 800-ից ավելի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտ, «Ազատության» եթերում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ամռան պիկի ժամանակ` հունիս-հուլիս ամիսներին այդ թիվը չէր անցնում 600-ից: «Մենք արդեն հիմա 200-ով ավելի ծանր և ծայրահեղ ծանր ունենք, քան այն ժամանակվա ամենավատ օրերին», - ասաց նախարարը` հիշեցնելով, որ հիմա առողջապահական համակարգի համար, պայմանավորված ընթացիկ պատերազմով, ևս մեկ ճակատ է ավելացել:

«Մի թիվ էլ, որ երբեք այսքան չի եղել. այս պահին ունենք մոտ 450 պացիենտ, որ կարիք ունի կա՛մ տնից տեղափոխվելու բժշկական կենտրոն, որ զբաղվում է քովիդով, կա՛մ այլ բժշկական կենտրոններից տեղափոխում դեպի քովիդով զբաղվող բժշկական կենտրոն: Մենք հիմա քովիդով ենք դարձնում այնպիսի բժշկական կենտրոններ, որ երբեք չէին մտածում քովիդով զբաղվելու մասին: Փոքր շրջանային կենտրոնների մասին է խոսքը, և դրանով, այդ վերջնական մոբիլիզացիայով առողջապահական ամբողջ ռեսուրսները սպառվելու են ավելի ծավալվելու տեսանկյունից», - մանրամասնեց նախարարը:

Ըստ նրա` 2315 սովորական մահճակալ է այս պահին սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին, 281 վերակենդանացման:

Հարցին, թե այնուամենայնիվ սա կանխատեսելի երկրորդ ալիքն է, թե պատերազմն իր գործն արեց, Արսեն Թորոսյանը պատասխանեց. - «Միանշանակ, կանխատեսելի էր աճի առումով, որովհետև մենք ինքներս ասում էինք` կբացվեն դպրոցները, և բոլորը կվերադառնան հարաբերականորեն իրենց բնականոն կյանքին, և մենք կտեսնենք, թե ինչքան աճ կունենանք և որոշումներ կկայացնենք, բայց պատերազմն, իհարկե, ավելացրեց: Չեմ կարող ասել ինչքանով, բայց միանշանակ իրավիճակը վատթարացրեց»:

Նախարարը վստահեցրեց` մահացածության բարձր ցուցանիշը պայմանավորված չէ բժշկական օգնության, շնչառական սարքերի անբավարարությամբ. - «Կարող եմ վստահեցնել, որ դեռևս ոչ, բայց նաև չեմ կարող վստահեցնել, որ էտպես երկար կշարունակվի` թվերից կախված: Եվ եթե մենք ունակ չլինենք բոլորին հոսպիտալացնել, չեն բացառվում դեպքեր, որ լինեն արտահիվանդանոցային մահեր, և դա կարելի է գնահատել, որ բուժօգնությունը պատշաճ կամ ժամանակին չմատուցելու արդյունքում է այդ մահն արձանագրվել, սակայն դա, իհարկե, չի նշանակի, որ հնարավոր էր անել, բայց չարվեց, դա պարզապես հնարավոր չի լինի անել և չի արվի, և դրանով է պայմանավորված, որ բոլորս պետք է հենց մեզ պաշտպանենք»:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև «հակադիմակային և հակաքովիդային» շարժումների ջատագովներին. - «Նրանք պետական դավաճաններից չեն տարբերվում այս իրավիճակում, ես ուղիղ ասում եմ, այսինքն` հակադիմակային որևէ կոչ անող կամ հակաքովիդային կոչ անող մարդիկ այսօր պետական դավաճաններ են»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.