Մի քանի օր տևած դադարից հետո ադրբեջանական կողմը կրկին հրթիռակոծեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Վնասը, բարեբախտաբար, նյութական է: Փողոցներից մեկում ամբողջությամբ փլուզվել է մեքենաների սպասարկման կետը, վնասվել են հարակից շինությունները:
Փողոցներից մեկում էլ հրթիռակոծության հետևանքով մի քանի մեքենա է պայթել, փլուզվել են բնակելի տների որոշ հատվածներ:
«Ահազանգման միջոցը միացրել են, մենք էլ իջել ենք ապաստարան, մի քանի անգամ խփել են, երևի մի 15-20 անգամ խփել են, հետո մոտիկ է երկու հատը ընկել. մեկը բակում է ընկել, մեկը՝ մի քիչ ներքև: Մենակ տունն է վնասվել, տանը չորս հոգի եղել ենք, իջել ենք ապաստարան», - պատմեց բնակիչներից մեկը:
Պատերազմի մեկնարկից ի վեր Արցախում ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծման կամ ռմբակոծման հետևանքով բազմաթիվ բնակարաններ, շենք-շինություններ ու ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել, մեքենաներ են այրվել: Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանն Արտակ Բեգլարյանն այսօր նյութական վնասի նախնական տվյալները ներկայացրեց:
«Մեր նախնական վերլուծությամբ՝ 10500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ և այլն, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել: Այս թվերը նախկինում էլ նշել եմ, որ ավելի մոտավոր են և ճշգրտման կարիք ունեն: Կախված ահռելի մեծ ծավալից և նաև ռազմական գործողությունների շարունակականությունից՝ հնարավոր չէ ճշգրտված տվյալներ ավելի մանրամասն ներկայացնել: Սրանք մոտավոր հաշվարկներ են», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Հրթիռակոծություն, հրետակոծություն, ռմբակոծություն, թե Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների արձագանք, Ստեփանակերտում քաղաքացիներն արդեն մոտավոր տարբերակում են, թե ադրբեջանական կողմն ինչ զինատեսակներ է կիրառում. տարբեր տեսակի պայթյուններն արդեն սովորական են դարձել:
Երեկ հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Նա բեկորային վնասվածքներ էր ստացել: Վիճակն, ըստ բժիշկների, հիմա արդեն լավ է։ Կան նաև նյութական մեծ վնասներ։
«Սեպտեմբերի 27-ից ի վեր առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր: Վիրավորներից մեկը հենց գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով», - նշեց Բեգլարյանը:
Ադրբեջանական կողմը երեկ օրվա ընթացքում թիրախավորել էր նաև Արցախի մյուս բնակավայրերը, մասնավորապես, հրետակոծվել էր, այնուհետ էլ ռմբակոծվել էր Մարտակերտը: Հրթիռակոծվել էին Մարտունու շրջանի մի քանի գյուղ, Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, Քարեգահ - Բերձոր ճանապարհահատվածը։