Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մահացել է առնվազն 37 քաղաքացիական անձ, առնվազն 118 քաղաքացիական անձ վիրավորվել է: Այս մասին հայտնեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Վիրավորներից մեկը հենց գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով», - ասաց Բեգլարյանը՝ շարունակելով, - «մեր նախնական վերլուծությամբ 10500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ և այլն, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել»:
Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ թվերը մոտավոր են և կախված պատերազմական վիճակից հնարավոր չէ ավելի ճշգրտված տվյալներ ներկայացնել:
«Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ մեր տեղեկություններով անհատ կորած քաղաքացիական անձինք կան», - ասաց Արտակ Բեգլարյանը: