Գիշերվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը:
Համաձայն հաղորդագրության, երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ադրբեջանական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը», - նշված է ՊԲ հաղորդագրությունում: