Այս րոպեներին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Վաշինգտոնում բանակցում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ավելի վաղ՝ մոտ մեկ ժամ առաջ էլ, Պետդեպարտամենտի ղեկավարն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին էր ընդունել։
Կողմերի հետ հանդիպումներն անցնում են դռնփակ և առանձին-առանձին․ «Դիվանագետները հրաժարվել են լինել միևնույն սենյակում», - հաղորդում է Ամերիկայի հանրային ռադիոն։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք հանդիպումից հետո կողմերը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ, թե ոչ։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Մայք Փոմփեոն ընդգծել էր, որ իր նպատակն է նախ և առաջ կրակը դադարեցնել։
«Տեղում բարդ իրավիճակ է, այդ թվում՝ դիվանագիտական առումով։ Այս հարցում մեր դիրքորոշումը ինչպես և եվրոպական երկրների, մնում է նույնը՝ առաջ գնալու ճիշտ ճանապարհը հրադադարն է։ Ես հորդորելու եմ արտգործնախարարներին թուլացնել լարվածությունը, ընդգծելու եմ, որ յուրաքանչյոր երրորդ երկիր պետք է զերծ մնա միջամտությունից և էլ ավելի չբորբոքի այս հակամարտությունը՝ զենք ու աջակցություն առաջարկելով»,- ասել էր պետքարտուղարը Մնացականյանի ու Բայրամովի հետ հանդիպումից երկու օր առաջ։
Ավելին, Մայք Փոմփեոն ընդգծել էր, որ միայն այդ՝ հրադադար հաստատելու և երրորդ կողմերի միջամտությունը դադարեցնելու դեպքում է հնարավոր հասնել դիվանագիտական այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար․ դիրքորոշում, որ վերջին շաբաթներին շարունակ կրկնում է հայկական կողմը։
Հանդիպմանն ընդառաջ Կոնգրեսի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ՝ թե հանրապետական, թե դեմոկրատական ճամբարներից, շրջանառության մեջ են դրել բանաձևի նախագիծ, որը կոչ է անում վարչակազմին «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: Օրինագիծը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ինչպես նաև ընդգծում է՝ Արցախը ևս պետք է ուղղակի մասնակցություն ունենա ԵԱՀԿ շրջանակում ընթացող բանակցային գործընթացին։
«Այժմ, երբ շարունակվում է արյունալի հակամարտությունը, ժամանակն է համաշխարհային մակարդակով ճանաչել Արցախի անկախությունը»,-հայտարարել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենք Փալոնը։ Ընդ որում, սա Ղարաբաղի ճանաչմանն ուղղված կոնգրեսական արդեն երկրորդ նախաձեռնությունն է վերջին մեկ շաբաթվա մեջ։ Օրեր առաջ էլ Կալիֆորնիայից ընտրված Գրեյս Նապոլիտանոն էր բանաձև ներկայացրել, ընդգծելով՝ Արցախի պատմությունը նման է Ամերիկային․ «Դա ազատ ժողովրդի հաղթանակն է օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»,- գրել էր դեմոկրատ կոնգրեսականը Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրած փաստաթղթում:
Օրեր առաջ էլ մի խումբ կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի գլխավորությամբ, նամակ էին հղել պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ հորդորելով վճռական քայլեր ձեռնարկել և դատապարտել Ադրբեջանի սադրիչ ագրեսիան ու Թուրքիայի կործանարար միջամտությունը արդեն չորրորդ շաբաթը շարունակվող պատերազմին։ Կոնգրեսական այս հայտարարությունների ու նախաձեռնությունների ֆոնին էլ այսօր պետքարտուղարը ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին։ Բանակցություններից առաջ ամերիկյան The Hill պարբերականը Նահանգներում երկու երկրների դեսպաններից հետաքրքրվել է՝ ինչ օրակարգով են դիվանագետները մեկնել Վաշինգտոն։ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ասել է՝ Երևանը հորդորելու է Ամերիկային դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Բաքվին աջակցելու համար։
Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, մինդեռ, պնդել է՝ Բաքուն ակնկալում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ սառեցված բանակցությունների հարցը բարձրացնել․ - «Խնդիրը ոչ թե հրադադարն է, այլ բովանդակալից բանակցությունների վերսկսումը՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել էր Ադրբեջանի դեսպանը։
Վաշինգտոնյան բանակցություններին ակնդետ հետևում են միջազգային գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները, փաստելով, որ սա լայնածավալ պատերազմը դադարեցնելու արդեն երրորդ փորձն է՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի՝ այդպես էլ ապարդյուն մնացած ջանքերից հետո։ «Միացյալ Նահանգները պաշտոնապես չեզոքություն է պահպանում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետքարտուղար Փոմփեոն, այդուամենայնիվ, վերջերս Հայաստանի գործողությունները բնորոշեց որպես պաշտպանություն և քննադատեց Ադրբեջանի հավատարիմ դաշնակից Թուրքիայի միջամտությունն այս հակամարտությանը»,- փաստում է «Ֆրանսպրես» գործակալությունը։