Մատչելիության հղումներ

ԱՄՆ երեք տասնյակ կոնգրեսականներ Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ անող բանաձև են ներկայացնում


ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, ներկայացնում են բանաձևի նախագիծ, որում կոչ է արվում «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: Այս մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Օրինագիծը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ընդգծում է ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացին Արցախի ուղղակի մասնակցության, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև ճամփորդական և հաղորդակցության սահմանափակումների մեղմացման անհրաժեշտությունը:

Բանաձևի նախագիծը Կոնգրեսին կներկայացվի այսօր, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ասված է հաղորդագրությունում:

«Անչափ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը Արցախի և նրա ժողովրդի անկախության հայտին սատարելու մասին հզոր ուղերձ հղի, հատկապես՝ պետքարտուղար Փոմփեոյի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կարևոր հանդիպումների նախաշեմին», - մասնավորապես հայտարարել է Փալոնը՝ շեշտելով, որ այժմ, երբ շարունակվում է արյունալի հակամարտությունը, ժամանակն է համաշխարհային մակարդակով ճանաչելու Արցախի անկախությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունը:

Հիշեցնենք՝ Միացալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:

XS
SM
MD
LG