Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու Մայք Փոմփեոյին


Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

Ըստ Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի, այժմ այդ այցի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասում է՝ այս հանդիպումը դարձյալ մարդասիրական զինադադարը կյանքի կոչելու համար է. «Հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է: Այսինքն մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է երեք համանախագահների մոտ էլ, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարը պաշտպանվի, իրականացվի»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովը ևս նույն օրը հանդիպելու է Մայք Փոմփեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ արդյոք հնարավո՞ր է նաև եռակողմ՝ Մնացականյան-Փոմփեո-Բայրամով հանդիպում, այսպիսի հնարավորության մասին գրել էր Politico հանդեսը, սակայն պաշտոնական հաստատում չկա։

«Այլ ձևաչափով հանդիպման մասին կամ դրա նախապատրաստման մասին ես որևէ տեղեկություն չունեմ», - նշեց Աննա Նաղդալյանը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն փորձել են մարդասիրական հրադադար հաստատել, սակայն Թուրքիան, որ սկսել է պատերազմը, մինչ օրս էլ այն շարունակում է՝ հակառակ այդ ջանքերի։ Պարզ է դառնում, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան չունեն Թուրքիային զսպելու մեխանիզմներ, հիմա հերթը Միացյալ Նահանգներինն է, որ Թուրքիային զսպելու մեխանիզմներ ունի։ Սակայն հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բարդ հարաբերությունները, արդյոք մեծ կլինի՞ Թուրքիային զսպելու նրա շահագրգռվածությունը, դա, ըստ Հակոբ Բադալյանի, հարց է:

«Եթե իրենք այստեղ Մոսկվայի համար շանտաժը և Մոսկվայի դեմ ներկայացված հավակնությունը զսպում են, բայց դա ընդամենը իր հերթին Մոսկվան էլ վերածում է Արևմուտքի դեմ գործիքի, ապա այստեղ բնականաբար Թուրքիային զսպելու մոտիվացիան Նահանգների մոտ նվազում է: Այստեղ ամենակարևոր և սկզբունքային հանգամանքը կարծում եմ՝ հետևյալն է, որ Ռուսաստանը պետք է ի վերջո գիտակցի, որ Թուրքիային Կովկասում զսպել այլևս առանց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցության Մոսկվան ի վիճակի չէ, եթե այս անգամ էլ փորձեն Էրդողանի հետ պայմանավորվածության եզրեր գտնեն, ապա դա ընդամենը էլ ավելի է լկտիացնելու նրա», - ասաց քաղաքական մեկնաբանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ասում է՝ երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի փորձերից հետո այժմ տեսնում ենք երրորդ խաղացողին դիվանագիտական դաշտում։ Սակայն այս հանդիպումից մեծ ակնկալիքներ Կիրակոսյանը չունի: Այն, ըստ քաղաքագետի, ավելի շուտ ներքին սպառման համար է:

«Այս հանդիպումն իրականում ԱՄՆ նախագահական ընտրությունների համար է և այն կատարվում է Թրամփի առաջնորդությունը ցույց տալու համար, և էական չէ՝ Վաշինգտոնում որևէ արդյունք կգրանցվի թե ոչ, Թրամփի նախընտրական արշավը միևնույն է կշահի՝ ցույց տալով, որ կարգավորման փորձեր են արվում։ Պատճառը, թե ինչու իրական արդյունք չեմ ակնկալում, հետևյալն է՝ Թրամփը դեռևս շատ է աջակցում և շատ է ընկերական Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի հետ, Թրամփը ոչ ցանկանում է, ոչ էլ կարող է այս հակամարտությունում դեմ դուրս գալ Թուրքիայի դերակատարությանը», - նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը ապա նման հանդիպում կազմակերպելու մասին դեռ որեւէ տեղեկություն չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Փաշինյանը միայն պատրաստակամություն է հայտնել՝ խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել, այդ թվում և հանդիպել Ալիևի հետ։ Կոնկրետ պատրաստություններ, սակայն, չկան։

Կստացվի՞ նման հանդիպում, թե ոչ՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասում է՝ այս հարցում թերահավատ է. «Ադրբեջանն արդեն անվստահելի ստախոսի համբավ ունի, ագրեսորի, որ Թուրքիայի հետ միասին մերժել է դիվանագիտական ջանքերը»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ևս կարծում է, որ Լավրովի ջանքերի տապալումից հետո, Վլադիմիր Պուտինի համար այժմ նոր մի նախաձեռնությամբ հանդես գալն ավելի դժվար է։

«Պուտինը կգնա այդպիսի հանդիպում նախաձեռնելու, եթե ունենա շատ մեծ երաշխիք կամ շատ մեծ համոզվածություն, որ այդ հանդիպումն ունենալու է ցանկալի արդյունք: Որովհետև եթե պետք է հերթական անգամ լինի քննարկում, բայց հետո Անկարան հրահանգի Բաքվին շարունակել պատերազմը, ապա ուղղակի ապտակ է լինելու անձնապես հենց Պուտինին», - ընդգծեց Բադալյանը:

Ընդհանուր առմամբ Ռիչարդ Կիրակոսյանը հնարավոր զարգացումների երկու սցենար է տեսնում. «Կամ նրանք հրադադարի այս մի փորձը ևս կօգտագործեն որպես հնարք՝ մարտերը շարունակելու և տարածք գրավելու փորձերի համար, կամ երկրորդ սցենարը՝ կողմերը կվերադառնան դիվանագիտությանը, հրադադար կհաստատվի, սակայն վտանգն այն է, որ ձմռան ընթացքում Ադրբեջանը կվերազինվի, թուրքական աջակցությունը կշարունակվի, և երբ եղանակները տաքանան, գարնանը նոր մի պատերազմ կսկսվի։ Սա է իրական վտանգը։ Սակայն մեր հույսն այն է, որ մենք էլ կկարողանանք համալրել մեր պաշտպանությունը և մարտին կամ ապրիլին արդեն նոր վիճակ կստեղծենք, որի դեպքում Թուրքական աջակցությունը այդքան արդյունավետ չի լինի Ադրբեջանի համար»։

XS
SM
MD
LG