Խաղաղապահների տեղակայման ընդունելի լինելու մասին հայտարարությունը, ըստ Միքայել Զոլյանի, չի նշանակում որևէ գործընթացի մեկնարկ

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ հարցազրույցում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը, չի նշանակում որևէ գործընթացի մեկնարկ, ասում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ շեշտելով, որ այս պահին առաջնահերթ ռազմական գործողությունների դադարեցումը։

«Եթե այսօր Ադրբեջանը ընդհանրապես ժխտում է որևէ դիվանագիտական լուծման հնարավորությունը, ապա որևէ հարց չի կարող քննարկվել։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է կանգնեցվի պատերազմը, այնուհետև քննարկվեն բոլոր հարցերը, այդ թվում խաղաղապահների հարցը։ Սկզբունքորեն խաղաղապահների հարցը միշտ էլ եղել է Ղարաբաղի շուրջ բանակցությունների կարևոր տարրերից մեկը և այս իմաստով միշտ էլ եղել է քննարկման առարկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոլյանը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ սկզբունքորեն դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները։

«Ինտերֆաքս»-ի լրագրողը Փաշինյանին հարցրել է, թե որն է հայկական կողմի կարծիքը խաղաղապահների հնարավոր տեղակայման կապակցությամբ, երկրների ինչպիսի համակազմ կարող է լինել խաղաղապահ ուժերում և ում գլխավորությամբ։

Ի պատասխան Հայաստանի վարչապետն ասել է․ - «Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը»:

Խորհրդարանական ուժերից «Բարգավաճ Հայաստանը», ինչպես «Ազատությանը» փոխանցեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, կողմ է ռուսաստանցի խաղաղապահների տեղակայմանը․ - «Բարգավաճ Հայաստանը», այո, գտնում է, որ ստեղծված իրավիճակում, երբ որ մենք հումանիտար, աղետալի պատերազմի մեջ ենք, և պատերազմի մեջ ենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ, երբ որ շատ մեծ է այսօր վտանգը․․․ Եկեք բաց աչքերով նայենք ճշմարտությանը և հերոսական պաթոսը դնենք մի կողմ, էդ ֆիդայական, հերոսական կոչերը դնենք մի կողմ։ Շատ մեծ է վտանգը, որ այս պատերազմը կարող է շատ ավելի մեծ տարածաշրջանային պայթյունի վերածվել՝ ներգրավելով տարածաշրջանի երկրները։ Մենք պիտի հասկանանք, որ խաղաղապահների տեղակայումը, տվյալ դեպքում ռուս խաղաղապահների տեղակայումը այսօր ամենաքննարկելի հարցերից մեկը պետք է լինի»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» խուսափեցին այս հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելուց։

Խաղաղապահների տեղակայման գաղափարի առնչությամբ մտահոգություն ունի «Քաղաքացու որոշում» արտախորհրդարանական կուսակցությունը, որի ղեկավար անդամներից Սուրեն Սահակյանը, ով վերջերս Կառավարությունում մասնակցել է Փաշինյան – արտախորհրդարանական ուժեր հանդիպմանը, այս փուլում բացառում է խաղաղապահների տեղակայման հավանականությունը։

Սահակյանի խոսքով՝ դա հնարավոր կլինի, եթե բոլոր կողմերը համաձայնության գան․ - «Խաղաղապահներն անընդունելի են, մանավանդ որ էն խաղաղապահների մասին, որոնց մասին խոսք է գնում, ներկայության պարագայում ոչ մի դեպքում չի եղել, որ պատերազմից հնարավոր լինի խուսափել։ Եվ ըստ էության, խաղաղապահական գործունեությունը պետություններին ճնշելու հնարավորություն ու առիթ է տալիս։ Եթե մի երկրի տարածքում ուրիշի զորք կա, եթե մի երկիր չի կարողանում իր անվտանգությունն ինքն ապահովել, ապա իր ինքնիշխանությունն ու ապահովությունը հայտնվում է ուրիշի ձեռքերում»։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ։ Իշխող կուսակցությունից ասում են, թե վարչապետի այս և երեկվա հայտարարությունները իրար չեն հակասում։