Մնացականյանն ու Ուենդի Մորթնին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ, հայտնում են Արտգործնախարարությունից:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի և կենսապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա:

Մշտական քարտուղար Մորթնն իր խորին ցավակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից այս համաձայնությունների խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վերջինիս անկարողությունը` հարգելու իր իսկ ստանձնած պարտավորությունները և հրաժարվելու հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման նկրտումներից: ԱԳ նախարարը խորը մտահոգությամբ հայտնել է, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը: