Ֆրանսիայի խորհրդարանի հարակից տարածքում հավաքված հազարավոր հայեր պահանջել են ընդունել Արցախի անկախությունը։ Ֆրանսաբնակ Մհեր Մնացականյանը ցույցի կազմակերպիչներից է։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում ընթացող պատերազմի ընթացքում սա հայերի մասնակցությամբ ամենամեծ ցույցն է եղել Ֆրանսիայում։
Ի թիվս այլ հայտնի անունների, ցույցի մասնակցիների շարքում են եղել նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ։ Քիչ չեն եղել նաև հայերին աջակցող օտարերկարցիները։
«Եղբայրական ֆրանսիան չպետք է միայն դիտորդի դերում լինի», - ասում է Մհեր Մնացականյանը։ - «Չենք պատրաստվում ապրել Ֆրանսիայում, չենք պատրաստվում ապրել եվրոպական որևէ երկրում, չենք պատրաստվում լինել Ֆրանսիայի քաղաքացի, և մեր քաղաքացիական պարտքը, քաղաքացիական ցանկությունը և մեր ազգային խնդիրը չբերել ֆրանսիական օրակարգ, չբերել ֆրանսիացիների տեսադաշտ»։
Մինչև այս, Փարիզի հայերը հավաքվել էին Ֆրանսիայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների մոտ, իսկ հոկտեմբերի 20-ին նույն պահանջով կրկին կհավաքվեն Ֆրանսիայի խորհրդարանի առջև։
Մինչ հայերը դրսում վանկարկում էին, որ Ֆրանսիան Արցախի ճանաչումից բացի դատապարտի նաև Ադրբեջանին ու նրան սատարող Թուրքիային, ներսում նույնաբովանդակ ելույթներով հանդես էին գալիս պատգամավորները։ Օրինակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, դիմելով երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիաին, ասել է՝ մոտ 30 տարի է, ինչ Ղարաբաղը փորձում է պաշտպանել իր պատմական հողերը, մինչդեռ Ադրբեջանը փորձում է իր դիկտատուրան պարտադրել։ Պատգամավորի խոսքով, եթե Ֆրանսիան մնա այս ցեղասպանության հանդիսատեսը, ապա կգնա ինքնաժխտման ճանապարհով։
«Վրդովմունքը պարտադիր է, բայց այն կյանքեր չի փրկում, պետք է գործել», - հայտարարել է տարիներ առաջ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հեղինակած պատգամավորը։
«Մենք գիտենք, որ Էրդողանն իր սխալները թաքցնելու համար ուզում է որպես պարգև ստանալ Արցախը, իսկ հետո՝ Հայաստանը, որպեսզի շարունակի հայերի էթնիկ և մշակութային ոչնչացումը։ Անմեղ մարդիկ սպանվում են արգելված զենքերով։ Ֆրանսիան չի կարող չեզոք մնալ, չի կարող լքել իր գործընկեր և քույր Հայաստանին։ Պետք է սանկցիաներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Պետք է պահանջել միջազգային ուժերի միջամտությունը, որպեսզի ապահովենք խաղաղությունը, և վերջապես ճանաչենք Արցախի անկախությունը։ Նոր ցեղասպանություն է հասունանում, և մենք չենք կարողանա ասել, թե չգիտեինք։ Մարդկության պատմության մի հատված հենց հիմա գրվում է։ Գործենք այնպես, որպեսզի այդ պատմությունը չգրվի առանց Եվրոպայի և առանց Ֆրանսիայի», - խորհրդարանում հայտարարել է պատգամավոր Վալերի Բուայեն։
Արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, արձագանքելով պատգամավորի ելույթին, ասել է․ - «Ես համաձայն եմ, որ Թուրքիայի պրովոկացիաներն ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապակայունացման գործոն են՝ Լիբիայից մինջև Ղարաբաղ, անցնելով Միջերկրական ծովով, Իրաքով, Կիպրոսով։ Եվ դա մի երկիր է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Իհարկե այս ամենը շատ վտանգավոր է՝ հաշվի առնելով այն, որ միայն Թուրքիան է աջակցում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը։ Անկարայի թույլատվությամբ սիրիացի վարձկանները տեղակայվել են Ադրբեջանում, սա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար։ Այս պայմաններում մենք պետք է պարզաբանումներ պահանջենք Թուրքիայից։ Մենք պետք է օգտագործենք մեր դերը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները՝ մեր իավասության չափով վերջ տալու այս կոնֆլիկտին։
Խորհրդարանի առջև բողոքի ակցիա կազմակերպած հայերից Մհեր Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե ֆրանսաբնակ թուրքերն ու ադրբեջացիներն արդյո՞ք այդօրինակ ակցիաներ չեն կամակերպում։ Ասաց, որ իրենք դեռ չեն նկատել․ - «Այն, ինչի համար որ իրենք կռվում են, դա իրենց պետք չէ։ Այն, ինչի համար որ մենք կռվում ենք, դա մեր կյանքի և ազատության գինն է։ Մեր երևալն ու նրանց չերևալը պայմանավորված է սրանով։ Շարքային ադրբեջանցին հստակ գիտակցում է, որ այն, ինչի համար իր եղբայրները մահանում են, դա պետք չէ, դա իրենցը չէ։ Ու հասկանում են, որ իրենք էդտեղ հաղթելու որևէ շանս չունեն։ Երեսուն տարի առաջ չեն հաղթել, հիմա էլ չեն հաղթելու»։
Երեկ բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել նաև Հունաստանի մայրաքաղաք Աթենքում և այլ քաղաքներում։ Դավիթ Մովսեսյանն ասում է, որ, ի տարբերություն Աթենքի, Կրետե կղզում հայերը քիչ են, բայց մի մարդու պես հավաքվել են քաղաքպետարանի շենքի առջև, պահանջը նույնն է ՝ Արցախի անկախության ճանաչումը․ - «Ամեն օր ավել ու ավել քաղաքական գործիչներ են միանում քաղաքապետարաններից, մարզպետարաններից և իրենց աջակցությունն են հայտնում մեզ՝ հայերիս, և տվյալ խնդրի շրջանակներում նրանք մեր կողքին են։ Մենք շատ զարմացանք, ուրախությամբ զարմացանք, որ շատ-շատ հույներ օգնեցին, օգնեցինք սրտանց»։
Վաղն, ի դեպ, Հունաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով ժամանում է Հայաստան։