ԿԽՄԿ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ավարտին հասցնել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին ավարտին հասցնել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները գերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման շուրջ։

Հումանիտար հրադարադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել 4 օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տևած հանդիպումից հետո, սակայն այն չի պահպանվում, և Կարմիր խաչը մինչև օրս հնարավորություն չունի իրականացնել իր գործառույթները։

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Մարտին Սխուեպը հայտարարել է, որ իրենք մինչև օրս շարունակում են ակտիվ քննարկումները կողմերի հետ, սակայն որևէ առարկայական համաձայնություն, որ թույլ կտար անցնել այդ համաձայնությունների իրագործմանը, դեռ չկա։

«Մենք չենք ներգրավվել որևէ մարդասիրական գործողություններում մինչև օրս։ Այս մի քանի օրերի մասին է խոսքը գնում», - ասաց Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Ամատունին հավելեց, որ այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետ, կապի մեջ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ - «Գործընթացը դեռ ավարտված չէ։ Ես չեմ կարող որևէ բան ասել առաջընթացի մասին։ Ինչպես ես արդեն մի քանի անգամ նշեցի, մեզ անհրաժեշտ է, որպեսզի ամենակարևոր պայմանը պահպանվի։ Այն պայմանը, որը ձեռք է բերվել մի քանի օր առաջ՝ մարդասիրական հրադադար։ Մենք միանգամայն ողջունում ենք մարդասիրական հրադադարի մասին այդ որոշումը, բայց մենք նաև ակնկալում ենք և մեծ հույս ունենք, որ դա կիրականացվի և կպահպանվի, որպեսզի գործողությունը անհապաղ կատարվի»։

Այսօր հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով Փաշինյանին և Ալիևին անհապաղ քայլեր կատարել հրադադարի մասին համաձայնությունը կյանքի կոչելու համար։

Մինչ այդ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պահպանում է հրադադարը, իսկ հայկական կողմը պնդում է՝ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը վերսկսել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով։

«Հրադադարի մասին հայտարարությունը շարունակում է մնալ շատ փխրուն», - BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ դա շատ մտահոգիչ է։

«Այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մաշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարևոր հումանիտար գործողություն, ինչպես և պայմանավորվել էինք շաբաթ օրը», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը՝ շարունակելով․ - «Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից: Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, և մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է, որ այս հարցը բարձրացնում են միջազգային կառույցների հետ աշխատանքում՝ նպաստելու համար, որ ի վերջո Կարմիր խաչն իր առաքելությունն իրականացնի։ Նրա խոսքով, ակնհայտ է, որ մարդասիրական իրավունքով պաշտպանված կարևոր այդ գործընթացը այժմ հնարավոր չէ՝ հրադադարի խախտումների պատճառով․ - «Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից այդ հարցը ունի չափազանց մեծ կարևորություն, նաև ամրագրված պարտավորություն է։ Մենք և՛ կոչով, և՛ միջազգային կառույցների հետ աշխատանքում նույնպես այս հարցը բարձրացնում ենք՝ նպաստելու համար, որ Կարմիր խաչը իրականացնի ի վերջո իր առաքելությունը։ Փաստորեն սրանով խոչընդոտվում է, որպեսզի Կարմիր խաչը իրականացնի իր առաքելությունը։ Ես մի շարք քննարկումներ, հեռախոսազրույցներ եմ ունեցել միջազգային մի շարք գործընկերների հետ, այդ մտահոգությունները ներկայացրել եմ։ Կարծում եմ, միջազգային կառույցները, հատկապես մարդու իրավունքների ոլորտի, պետք է ամեն ինչ անեն իրենց ճնշումներով և այլն, որպեսզի անպայման այդ գործընթացը սկսվի։ Մանավանդ որ Հայաստանը և Արցախը հայտարարել են, որ իրենք պատրաստ են օր առաջ սկսելու, բայց ադրբեջանական կողմի հարձակումների պատճառով հնարավոր չի լինում դա ապահովել։ Այս հարցը պետք է օր առաջ լուծել, որպեսզի Կարմիր խաչը հնարավորություն ունենա իր առաքելությունը պատշաճ իրականացնել»։