Չավուշօղլուն առաջարկում է բանակցություններ Մինսկի խմբի 11 անդամների մասնակցությամբ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային կոչերը բանական են, սակայն գերտերությունները պետք է նաև հորդորեն Հայաստանին դուրս բերել զորքերը «ադրբեջանական տարածքներից»։

Շվեդիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսում, Մևլութ Չավուշօղլուն այսօր կարծիք է հայտնել, թե հակամարտության կարգավորման համար օգտակար կլինեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամների մասնակցությամբ։

«Քանի որ հաջորդը Շվեդիան է ստանձնելու ԵԱՀԿ նախագահությունը, ես այդ առաջարկը ներկայացրեցի իմ շվեդ գործընկերոջը», - ասել է Չավուշօղլուն։

1994 թվականին հրադադարի հաստատումից հետո ձևավորված Մինսկի խմբի անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն ունեն նախագահողի կարգավիճակ։