Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Դիտարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք ուղղված են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ կողմերը նաև շահագրգռվածություն են հայտնել շարունակել միասնական ջանքերը` լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում: