Շրջանների վերադարձի մասին խոսելը դառնում է աբսուրդ, հայտարարում է Անդրանիկ Քոչարյանը

«Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցների ժամանակ, 8 հոկտեմբերի, 2020թ.

Շրջանների վերադարձի մասին խոսելը դառնում է աբսուրդ, խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր բանակցություններին հայկական կողմն ի՞նչ օրակարգով պետք է գնա։

Ֆրանսիայի արտգործնախարարն էր տեղեկացրել` այսօր Ժնևում և երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերին համոզել բանակցություններ սկսել հրադադարի շուրջ։ Ադրբեջանի արտգործնախարարը Ժնևում է, Հայաստանի արտգործնախարարը երկուշաբթի կմեկնի Մոսկվա։

Անդրանիկ Քոչարյանը կարևորում է, որ սկսվում է խոսելու փուլը, բայց մարտերից հետո, կարծում է, բանակցային տրամաբանությունը կարող է փոխվել, օրակարգում պետք է նախ արցախցիների անվտանգության հարցը լինի. - «Եթե նախկինում խոսք գնում էր անվտանգության գոտին ինչ-ինչ ձևաչափերով` Կազանյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, այսօր այդ անվտանգության գոտին լրիվ այլ արժեք ունի, և այդ անվտանգության գոտին արդեն պետք է դառնա այնպիսի գոտի, որը պետք է ապահովի Արցախի անվտանգությունը: Այստեղ խոսել շրջաններ վերադարձնելու մասին, կներեք, արդեն դառնում է աբսուրդ: Լրիվ օրակարգն իր էությամբ անպայման փոխվում է»:

«Ազատության» հարցին, թե զիջումների մասին խոսք հնարավոր չի արդեն, որ լինի, Քոչարյանը պատասխանեց․ - «Փոխզիջումներ, բնականաբար, պետք է լինեն, բայց այդ փոխզիջումները, չեն կարող հաշվի չառնվի մեր անվտանգության գոտու կարևորությունը ոչ միայն Արցախի, այլ նաև հարակից պետությունների համար ևս, որովհետև այդ գոտու շրջանակներում արդեն սկսում են տեղակայվել ահաբեկչական ուժեր»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է «մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական մակարդակում արձանագրի»։

Ստեփանակերտից հայտարարություն է հնչում՝ շոշափելի արդյունք ունենալու համար առաջիկա բանակցություններին պետք է անպայման մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Մարուքյանի կարծիքով՝ հարմար առիթ է Ղարաբաղի մասնակցության հարցը բարձրացնելու համար. - «Կարևոր հայտարարություն է, և եթե ետ գնանք 94 թվականի հրադադարի պայմանագրին, ապա այն ժամանակ Ղարաբաղը իր սուբյեկտայնությունը ամբողջությամբ իրացրել է, հետևաբար պետք է այո, Արցախը շարունակի պնդել, որ պետք է Արցախը մասնակից լինի, առանց Արցախի մասնակցության բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել, որովհետև հրադադարի կողմն Արցախն է, Հայաստանը չի: Հայաստանը պատերազմի մեջ չի»:

Առանց Արցախի մասնակցության յուրաքանչյուր բանակցություն անհեռանկար է համարում Պաշտպանության հանձնաժողովի նախագահը. - «Այսօր Արցախի դեմ է լայնածավալ պատերազմ, և բնականաբար Արցախի մասնակցությունը օրհասական է: 94 թվականի զինադադարի պայմանագիրը, ուզում եմ հիշեցնել, որ խախտված է, և այդ զինադադարի պայմանագիրը պետք է նորից թարմացվի, և այնտեղ, եթե հիշում եք, նաև Արցախն իր ստորագրությունն ուներ այդ պայմանագրի տակ, եռակողմ պայմանագիր էր դա»:

Հայաստանի դաշնակից Ռուսաստանի նախագահը ռազմական գործողություններին հրապարակայնորեն 11-րդ օրը արձագանքեց։ Տեղի ունեցողը ողբերգություն որակած Պուտինը նաև Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունների կատարմանն էր անդրադարձել, շեշտել՝ դրանք մշտապես կատարել են, կատարում են և շարունակելու են կատարել:

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ Պուտինի գնահատականները զսպող էին. - «Որպեսզի գայթակղություն չունենա պարոն Էրդողանը, այնուամենայնիվ, հրահրի հակառակորդին իր բալիստիկ հրթիռները կոդավորի դեպի Հայաստանի տարածք»:

Պուտինի հայտարարությունը կարևոր է համարում նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»: «Շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ ոչ միայն երկկողմանի պարտավորություններ ունի Ռուսաստանի Դաշնությունը, այլ նաև ունի ՀԱՊԿ-ի շրջանակներում կոլեկտիվ անվտանգության պայմանագրում: Եվ այս առումով ես կարծում եմ` դրանք շատ կարևոր հայտարարություններ են և շատ կարևոր ուղերձներ են ուղղված Ադրբեջանին», - նշեց Մարուքյանը:

Անդրանիկ Քոչարյանն, ի դեպ, այսօր հայտարարեց՝ հայկական կողմը պատրաստ է հումանիտար դադարի. - «Պարոն Ալիևին ձեռնտու չի այս դիակների համար թեկուզ մեկ ժամ դադար տա, և այդ դիակները տեղափոխեն հուղարկավորության համար: Դա արդեն պատերազմի ամբողջ բովանդակությունը ի հայտ կբերի նաև իրենց ազգաբնակչության համար»: