Անցած գիշեր առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, առավոտյան Ֆեյսբուքում գրում է Արցախի նախագահը:
«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո», - շեշտում է Արայիկ Հարությունյանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է.
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների՝ հակամարտության կողմերին ուղղված մարտական գործողությունների անհապահ դադարեցման և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատելու մասին հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
Պաշտպանության բանակը լիովին տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման»: