Արցախի պաշտպանության բանակի զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս ադրբեջանական գործողություններին` միայն թիրախավորելով ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը, բացառապես աշխատելով ռազմական թիրախների ուղղությամբ, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր այն մեղադրանքները, որոնք ուղղված են հայկական կողմին, ապատեղեկատվություն են և ոչնչով հիմնավորված չեն, - նշեց նա` հավելելով, - օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին հերթական անգամ ամրագրել տեսանյութերում հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու և այլ «ապացույցներով»: Բայց դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ, ժամանակվոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ: Մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները, մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով, հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել: Մոտավորապես 200 և ավելի զոհ են տվել միայն հարավային ուղղությամբ միայն այսօրվա ընթացքում»:
Լեռնային Ղարաբաղի հարավում Ջաբրայիլն է, որը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ, գրավվել է ադրբեջանական ուժերի կողմից։ Ադրբեջանը սեփական ռազմական կորուստների մասին տվյալներ չի հայտնում: Հայկական կողմը մինչ այս պահը հայտնել է 219 զինվորի մահվան մասին։