Երևանում ծնվել են արցախցի փոքրիկներ. «Խաղաղությունը թող շուտ լինի` մեր երեխաների հետ տուն վերադառնանք»

Անահիտ Կարապետյան, Արցախի նոր քաղաքացին է՝ իններորդը, որ պատերազմական օրերին ծնվում է «Էրեբունի» ծննդատանը. - «Մեր երրոդն ա, Հակոբ, Ասպրամ, Անահիտ»:

Փոքրիկի մայրը՝ Մարինա Վարդանյանը, Արցախի Հանրապետական հիվանդանոցում սրտաբան է։ Պատերազմն սկսվեց, երեխաների՝ Հակոբի և Ասպրամի հետ հասավ Երևան։ Երեքով Երևան են եկել, չորսով Արցախ կվերադառնան։ Հայրիկը Ստեփանակերտում է. - «Աստված առաջ, ամեն ինչ պիտի լավ լինի»:

Այստեղ արցախցի հղիների ընդունել են պատերազմի առաջին օրվանից։ Արդեն ծնունդներ ունեն Ստեփանակերտից, Հադրութից, Մատաղիսից, Ասկերանից, թվարկում է արցախցի նորածինների ծնունդն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը. - «Նորածինների վիճակը բոլորինը լավ է, Արցախից եկած հղի լինի, 5 ամսական, 6 ամսական, թե արդեն 9 ամսական` նախածննդաբերական վիճակ, վերցնում ենք հաշվառման, արվում է ամեն ինչ իրենց համար»:

Հրետակոծվող ու հրթիռակոծվող Արցախից Հայաստան տեղափոխված մայրիկների ճանապարհը հեշտ չի եղել։ Սթրեսային վիճակում են, բայց առողջական խնդիրներ չունեն, անփորձանք ծննդաբերել են փոքրերն էլ, մայրերն էլ լավ են. - «Իրենք բոլորն էլ նորմալ ծննդաբերել են, երեխաները լավ վիճակում են գտնվում, բոլորին առանձին-առանձին ուշադրություն է դարձվում, և իրենք զգում են ոնց որ իրենց տանը: Մենք հաղթելու ենք և այդ հաղթանակը տեսնելու ենք, արցախցի կինը պետք է իր ծննդատանը ծննդաբերի, և այդ ամեն ինչը մենք տեսնելու ենք»:

Երկու օրական Արտյոմի լուսանկարը Մատաղիսի դիրքեր` հայրիկին դեռ չի հասել, բայց մայրը՝ Նարինեն ասում է՝ կարճ հեռախոսազրույցով հասցրել է հայրիկի մտահոգությունը փարատել. - «Որ միշտ գնում էինք ստուգման, երեխու քիթն էնքան մեծ էր երևում, առաջինն էտ էր հարցնում` քիթը մեծ է՞, ասում եմ` չէ, շատ սիրուն երեխա է»:

Նարինեն ու ամուսինը ծնունդով լոռեցի են, ամուսինը զինվորական է, Մատաղիսում են ապրում։ Պատմում է՝ սեպտեմբերի 27-ին՝ լուսադեմին, հենց իրենց շենքի վրա ընկած արկերից է արթնացել ու տնից դուրս նետվել սարսափած. - «Գիշերանոցով հղի, առանց կոշիկ, ես էլ իջել եմ պադվալ, ուղիղ համարյա հինգ ժամ եղել ենք պադվալում: Էտ ժամանակ ընկավ շենքի վրա, ուղիղ շենքի կեսը փլեց»:

Երբ կրակը դադարել է, շենքում ապրող զինվորականները կանանց ու երեխաներին ճանապարհել են Հայաստան ու շտապել առաջնագիծ. - «Եկա, ցավեր ունեի ահավոր, գնացի, ինձ ստուգեցին, նորմալ էր երեխու հետ կապված, սթրեսից էր, անցավ մի քանի օր, ու ծնվեց երեխան արդեն»:

Ժիր գեղեցկուհին ասկերանցի Թամարն է, ժամանակից երկու շաբաթ էլ շուտ է ծնվել։ Անունը որոշել է 14-ամյա եղբայրը։ Տատիկի անունն է, մայրն ասում է՝ ընտրությունը պատահական չէ. - «Սկեսուրս խաղաղության աղավնի էր բառիս բուն իմաստով»:

Երևան են եկել պատերազմի առաջին օրը։ «Կրակի տակ մնալով էլ` հոգս կդառնայինք մեր տղամարդկանց համար»,- նեղսրտում է Անահիտ Պետրոսյանն ու սփոփվում՝ կապը լավ է, դստեր ծնվելու լուրն էլ, լուսանկարն էլ հայրիկին նույն օրն են հասել. - «Ամեն օր առավոտ զանգում ենք, իրենք են զանգում, մենք ենք զանգում, հարցնում ենք` դրությունը ո՞նց ա, իրենք ասում են` դուք էտտեղ լավ կացեք, մեր տեղը շատ լավ ա»:

Թամարն այս սենյակում միակ ասկերանցին չէ։ Մի քանի ժամվա տարբերությամբ ծնվել է Մանեն, որը քաշով էլ, հասակով էլ իր նոր հայրենակիցներին գերազանցում է. - «Ինքը խելոք եղել ա հենց սկզբից, մինչև հիմա էլ խելոք է: Ուտում, իր համար քնում է»:

Մանեի մասին Ասկերանում հայրիկն ամեն առավոտ տեղեկանում է, հանդիպումը «մեր տանը կլինի և շուտով կլինի», հույս ունի Գայանեն, չի մոռանում, թե ինչպես հեռացան տնից որդու ու դստեր հետ. - «Ամեն ինչ որ սկսվեց, տարան մեզ պադվալները, արդեն պետք է ծննդաբերեի, չգիտեինք` ինչ անեինք: Առավոտ 7:30 էր, հենց մեր վերևը բեսպիլոտնիկ էին խփում, էտ ուժեղ ձայնից վեր թռա, վազեցի երեխեքի սենյակ, որ հանեմ երեխեքին: Տանը տատիկ ունենք, ասաց` մի վախեցեք, բեսպիլոտնիկ են խփել, մի խառնվեք իրար»:

Գայանեն ու Անահիտը ծննդատանը չեն ծանոթացել, միասին ապաստարանում են եղել ու միասին էլ ճանապարհ ընկել, սկզբում մռայլության ու անորոշության մեջ, բայց Արցախ-Հայաստան ճանապարհին արդեն գոտեպնդված։ Ասում է՝ մեքենաների հոսքը դեպի հրետակոծվող Արցախ հուսադրող էր. - «Հայաստանից սաղ տղամարդիկ գնում էին Արցախ, շատ ոգևորիչ էր, ոգևորող էր: Իմ ցանկությունը` շատ շուտ խաղաղություն լինի, մենք էլ գնանք մեր տուն, երեխեքիս հետ»: