Մատչելիության հղումներ

«Հայրիկս ասեց` գնում է, որ մեզ պաշտպանի». 5 տարեկան Սոֆյա


Մասիսի տներից մեկն արդեն 6 օր է չափազանց աղմկոտ է, այնտեղ 11 երեխա ու 5 մեծահասակ է ապրում, եկել են Ստեփանակերտից ու Արցախի 2 գյուղերից։ Ֆիզիկապես այստեղ են, սրտով ու մտքով՝ իրենց տներում, այնտեղ մնացած հարազատների հետ:

«Ես էլ չէի ուզում գալ ուղղակի ուղարկեցին», - ասաց Արցախից եկած Մերին:

Մերիին ծնողներն են ստիպել Արցախից Հայաստան գալ: Մասիսի այդ տան ժամանակավոր մյուս բնակիչները երեխաներ ունեցող մայրիկներ են, բոլորն ասում են՝ եկել են երեխաների համար, ամուսիններին ու եղբայրներին ռազմաճակատ են ուղարկել, ծնողներին՝ տանը թողել։

«90-ականներին ընդհանրապես մենք երեք երեխա ոչ մի տեղ չենք գնացել, Ստեփանակերտում էինք, իմ ծնողներն էլ այնտեղ էին, ուղղակի հիմա իմ երեխան շատ վատ է տանում այս ամեն ինչը: Միգուցե ինքը մնա ես հետ գնամ, այնտեղ մի քիչ ավելի օգուտ կլինի ինձնից», - նշեց Արցախից Հայաստան եկած Ռուզանը:

Ռուզանն ասում է՝ Մասիսում ավելի անվտանգ է, բայց Արցախից հեռու էլ հոգեբանորեն է բարդ, քունը կորցրած՝ ամբողջ օրը լուրեր են կարդում, բարեբախտաբար, տանը ապաստանած 11 երեխաները ժամանակ առ ժամանակ ստիպում են կտրվել լուրերից։

Սոֆյան վերջին նվերներն էր ցույց տալիս, հետո պատմում երաժիշտ հայրիկի մասին, որ պատերազմ է գնացել, ասում է՝ հայրիկն այնքան ուժեղ է, որ անգամ կարողանում է իրեն ուսերին նստեցնել։

Սոֆյայի հայրիկը կամավոր Պաշտպանության բանակին միանալուց առաջ կնոջն է վստահել 3 աղջիկներին, նրանցից ամենամեծը 5 տարեկան է, ամենափոքրը ընդամենը 2 ամսական։

«Հայրիկս ասեց` գնում է, որ մեզ պաշտպանի», - ասաց 5 տարեկան Սոֆյան:

11 տարեկան Աննայի հայրիկն էլ զինվորական չէ, վարսավիր է, շատ համագյուղացիների պես գնացել է սահմանները պաշտպանելու. «Եկավ ու ասաց, որ գնում է պոստ»:

Կարմիր շուկա գյուղից այստեղ է եկել նաև 11 տարեկան մյուս Աննան, նրա հայրիկը նախկին զինվորական է, այժմ նորից սահմանին է։ Ինքն էլ Մասիսում սեփական հեռախոսով է լուրերին հետևում։

Աննան Երևան քրոջ հետ է եկել, ավագ քույրն ու մայրիկը տանն են՝ Կարմիր շուկայում, իսկ մեծ եղբայրը Մոսկվայից այսօր է վերադառնում Հայաստան։ «Գալիս է, որ գնան պոստեր, 24 տարեկան է», - ասաց նա:

Մասիսի այդ տան ժամանակավոր բնակիչներից ամենաչարաճճին 3 տարեկան Մարիան է, որ մեր նկարահանման ողջ ընթացքում վազեց պատշգամից տուն ու հակառակը, մեզ հետ խոսել չցանկացավ, փոխարենը օգնում էր ներս տանել բարեգործական հիմնադրամներից մեկի ուղարկած սնունդը, որը բերած մարդիկ անգամ չցանկացան հայտնվել տեսախցիկի առջև։

Ռուզանի խոսքով՝ ոչնչի կարիք առայժմ չունեն, սակայն երեխաներին քաղցրավենիք բերող հյուրերին սիրով ընդունում են, կոնֆետներից կարևոր հոգատարությունն է։

Ռուզանի կյանքում Արցախի սահմանին հենց հիմա ընթացող պատերազմը երրորդն է, հույս ունի, որ Արցախի երեխաների համար վերջինը կլինի. «Մարդիկ ասում են, որ մարդ ամեն ինչին սովորում է, բայց դրա սովորելն անհնար է»:

XS
SM
MD
LG