Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անմիջապես դուրս հանել օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվող անօրինական զինված խմբավորումների գրոհայինների մասին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ խորը մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ։

«Ըստ ստացվող հաղորդումների, անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մասնավորապես, Սիրիայից ու Լիբիայից՝ նպատակ ունենալով անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին», - ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարում է, թե այս գործընթացը հակամարտության գոտում կհանգեցնի իրավիճակի է'լ ավելի սրացմանը և կստեղծի երկարաժամկետ սպառնալիք տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար. - «Կոչ ենք անում շահագրգիռ պետություններին գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությունում, և նրանց անմիջապես դուրս հանել տարածաշրջանից»։

Ավելի վաղ արևմտյան երեք հեղինակավոր լրատվականներ՝ Reuters-ը, The Guardian-ը և Times-ը, գրել էին, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում: Այդ մասին հեղինակավոր լրատվականներին ասել էին հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները:

Նրանք պատմել էին, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել, մեկն ասել է, թե ըստ իր տեղեկությունների՝ մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն ասել է` 700-1000:

Նման պնդումներ անում են նաև պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը։

Բաքուն և Անկարան այդ հայտարարությունները հերքում են։